Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը․ այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 27-ին ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին։ Վարչապետի ելույթի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածը՝ ստորև։
․․․ ուզում եմ շատ հստակ արձանագրել, որ չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը:
Նախորդ տարի Արտաքին գործերի նախարարությունում առիթ ունեցել եմ ասելու, եւ հիմա էլ հարկ եմ համարում կրկնել, որ ոչ միայն միջազգային ասպարեզում, այլեւ նույնիսկ ինքներս մեզ համար երբեմն կորցնում ենք Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, իրավաքաղաքական նրբերանգների տրամաբանական շարադրանքի թելը:
Եվ այս երեւույթը հաճախ զգալի է միջազգային տարբեր հարթակներում Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ ունենալիս, ընդհուպ երբեմն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ վարելիս:
Այս իմաստով չափազանց կարեւոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման, պատճառների, համատեքստի վերաբերյալ բազային տեղեկատվությունն անընդհատ թարմացնելը, այսպես ասած, ափդեյթի ենթարկելը, որովհետեւ հաճախ առաջնորդվելով կանխավարկածով, թե միջազգային հանրությունը բավարար չափով տեղեկացված է Ղարաբաղի խնդրի մասին, մենք հաշվի չենք առնում, որ հակամարտության 30 տարիների ընթացքում պաշտոնյաները, նույնիսկ ինստիտուտներն անընդհատ փոխվել են ու փոխվում են, եւ այդ փոփոխությունների հետ ակնհայտ թվացող ճշմարտությունները հաճախ մոռացվում են, կորսվում եւ, որ ավելի վատ է, նենգափոխվում: Եվ մենք պետք է առանձնակի ուշադրություն դարձնենք այդ խնդրին եւ հետեւողական գտնվենք հակամարտության նրբերանգները ներկայացնելիս և հանրահռչակելիս:
Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո զարմանքով արձանագրեցի, թե միջազգային շրջանակներում որքան խորն է նստած, օրինակ, Աբխազիայի, Հարավային Օսիայի, ընդհուպ Մերձդնեստրի եւ Ղարաբաղի հակամարտությունները նույնական ընկալելու բանաձեւը: Սա մեզ համար իսկապես լուրջ խնդիր է՝ թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային առումով:
Եվ չափազանց կարեւոր է այդ խնդիրների հսկայական տարբերությունն ի ցույց դնել, ինչի արդյունավետության մեջ ինքս համոզվել եմ մի քանի կոնկրետ դեպքերում:
Երբ մենք հստակ արձանագրում ենք, որ, ասենք, Հարավային Օսիայի, Աբխազիայի բնակիչները նույնիսկ այսօր կարող են հանգիստ այցելել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի եւ այնտեղի շուկայում վաճառել իրենց արտադրած գյուղմթերքը, գնել իրենց անհրաժեշտ ապրանքները եւ ետ վերադառնալ Աբխազիա կամ Հարավային Օսիա, իսկ Ռուսաստանի քաղաքացուն Բաքվի օդանավակայանից ետ են ուղարկում՝ միայն այն պատճառով, որ նա հայկական ազգանուն ունի, երբեմն սա ավելի ամբողջական պատկերացում է տալիս Ղարաբաղի հարցի էության մասին, քան նույնիսկ մի քանի ժամանոց դասախոսությունները:
Այս պարզ օրինակը ցույց է տալիս, թե ինչու եւ ինչպես է ձեւավորվել ստատուս քվոն Ղարաբաղում, ես նկատի ունեմ Բաքվի օդանավակայանի դեպքի նկարագրությունը: Ցույց է տալիս նաեւ, թե ինչը կարող էր լինել այդ ստատուս քվոյի այլընտրանքը:
Սա ընդամենը մի օրինակ է, նույնպիսի օրինակներ կարելի է բերել նաեւ այն մասին, թե ինչպես բոլորը մոռացան, որ ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի բանակցություններում բանակցող երեք կողմ է եղել, եւ դա, ըստ էության, միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձեւաչափն է, որ ինչպես Ադրբեջանն է դուրս եկել Խորհրդային Միության կազմից, ու դա հիմա ոչ ոք տարօրինակ չի համարում, նույնպես եւ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն է դուրս եկել Սովետական Ադրբեջանի կազմից, ու դա նույնպես տարօրինակ չպետք է համարվի, որ եթե Ադրբեջանի նախագահը անզիջում, ագրեսիվ հայտարարություններ է անում, ոչ մի տարօրինակ բան չի լինի նրանում, եթե նույնպիսի հայտարարություններ հնչեն նաեւ Հայաստանից, եւ այլն, եւ այսպես շարունակ:
Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։