Գագիկ Խաչատրյանի պաշտպանը ձերբակալման հիմքեր չի տեսնում

Ֆինանսների նախկին նախարար և Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանը իր պաշտպանյալին ձերբակալման հիմքեր չի տեսնում։ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանն այս մասին այսօր հայտարարեց Երևանում ԱԱԾ կենտրոնական շենքի մոտ հրավիրած ասուլիսին։

Պաշտպանը հաստատեց, որ Խաչատրյանի երևանյան և ծաղկաձորյան տներում խուզարկություններ են կատարվել։ Նա նշեց, որ զենքեր են հայտնաբերվել, որոնք օրինական են եղել։ Փաստաթղթեր, ըստ նրա, չեն առգրավվել։

Սարգսյանը նշեց, որ կազմվել է բերման ենթարկելու մասին արձանագրություն։ Սակայն, նրա խոսքով, Գագիկ Խաչատրյանն ըստ էության բերման չի ենթարկվել, քանի որ իր կամքով է ներկայացել և մասնակցել քննչական գործողություններին։

«Այս պահի դրությամբ մեղադրանքի հիմքեր չեմ տեսնում»,- ասաց նա։

ՏԵ՛Ս ՆԱԵՎ՝

ԱԱԾ-ն բերման կենթարկի Գագիկ Խաչատրյանին. նա մեղադրվում է տասնյակ միլիոնավոր դոլարների վատնման մեջ

Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է, հաղորդում է ԱԱԾ-ն

Պաշտպանը նշեց, որ քրեական գործի փաստերն առնչվում են Խաչատրյանի՝ որպես ՊԵԿ նախագահ պաշտոնավարման ընթացքում՝ 2010, 2015, 2016 թթ․ ինչ-որ գործողությունների։

Միլիոնավոր դոլարների վատնման մասին լրագրողների դիտարկմանը, որի մասին այսօր հայտարարել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտպանն ասաց, որ խոսքը ՊԵԿ աշխատակիցների մասին է, որոնք ստացել են աշխատավարձ, բայց չեն հաճախել աշխատանքի․ «Տասնյակ միլիոնավոր դոլարների մասին խոսել չենք կարող, կարող ենք խոսել տասնյակ միլիոնավոր դրամների մասին»։

Խաչատրյանին անռչվող գործով ՊԵԿ մեկ այլ նախկին պաշտոնյա էլ է ձերբակալված նույն հիմնավորումներով։ Խոսքը Կարեն Խաչատրյանի՝ Գագիկ Խաչատրյանի եղբորորդու մասին է, որը եղել է ՊԵԿ ներքին անվտանգության պետը։

«Այդ հիմնավորումները չեն կարող ձերբակալման համար հիմք հանդիսանալ։ Ձերբակալման իրավաչափ նպատակ այս պահին չեմ տեսնում»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Նա ասաց, որ Խաչատրյանը փախուստի նպատակ չի ունեցել։ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն ամիսներ շարունակ քննություն են կատարում, և մարդը որևէ նպատակ չի ունեցել փախուստի։ Նա նշեց, որ պաշտպանական խմբին, որ բաղկացած է հինգ հոգուց, ամբողջ քրեական գործից առայժմ փոքր ծավալ է հասանելի։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նաև հայտարարել էր, որ «Քրեական գործը հարուցված է պաշտոնավարման շրջանում խոշոր չափերի վատնման ու պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով»։

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ պաշտպանն ասաց, որ երբ ԱԱԾ ղեկավարը հայտարարություն է անում, ուրեմն ինչ-որ հիմք ունի․ «Կարող են լինել օպերատիվ տվյալներ, բայց օպերատիվ տվյալները պարտադիր ստուգման ենթակա են»։

Հարցին՝ արդյոք Գագիկ Խաչատրյանի որդիներին պատկանող բիզնեսներում եղել է խուզարկություն, պաշտպանը պատասխանեց, որ տեղեկություն չունի։

Արդյոք Խաչատրյանի որդիները հարցաքննվե՞լ են․ պաշտպանը պատասխանեց, որ շատ-շատ հարցաքննություներ են եղել և հավելեց․ «Այս հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ չունեմ այդ անձանց համաձայնությունը դրանց մասին հայտարարելու»։

«Ես առնչվում եմ Գագիկ Խաչատրյանի որդիների հետ։ Այն ընկերությունները, որ նրանց անվամբ են, այս պահին էլ աշխատում են։ Կոնկրետ ընկերություն, որ անմիջապես կապված է Գագիկ Խաչատրյանի հետ, ես չգիտեմ։ Այս պահին չկա որևէ փաստական տվյալ, որ այդ ընկերությունների միջոցով չարաշահում է կատարվել»,- նշեց նա։

Լրագրողի հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն ստուգել է Խաչատրյանի բանկային հաշիվները, պաշտպանը պատասխանեց, որ տեղյակ չէ։ Նա տեղյակ չէր նաև, թե արդյոք քրեական գործն առչնվում է Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին ՊԵԿ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարության ընթացքում թույլ տրված բազմամիլիոնանոց վատնումներին։

Լրագրողի դիտարկմանը, որ քրեական գործով 800 միլիոն դրամ է վերականգնել պետական բյուջե, փաստաբանն ասաց, որ վերականգնում կա, բայց թե ում կողմից, կհայտնի ՀՔԾ-ն։

Երեմ Սարգսյանը նշեց, որ Գագիկ Խաչատրյանը առողջական լուրջ խնդիրներ ունի և չորս անգամ ողնաշարի, պարանոցի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում․ «Վարույթն իրականացնող մարմինն այսօր ինքն է ականատես եղել այդ բարդություններին»,։

Խաչատրյանը, ըստ պաշտպանի, 2019-ին կիսատ թողնելով բուժումը Գերմանիայում, վերադարձել և ներկայացել է քննչական մարմիններին։ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նա ստորագրություն էր տվել չհեռանալու մասին։

Պաշտպանը նշեց, որ իրենց պաշտպանական մարտավարությունը կհստակեցնեն 72 ժամվա ընթացքում։

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել