Պաշտոնյաները բացատրեցին՝ ինչ է նշանակում Moody’s-ի կողմից վարկանիշի բարձրացումը

Կառավարության այսօրվա նիստին գործադիրը անդրադարձ կատարեց Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշի բարձրացմանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ կազմակերպությունը Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից բարձրացրել է «Ba3»:

«Սա 2006-ից ի վեր սպասված իրադարձություն է։ 2006-ից ի վեր Հայաստանի սուվերեն վարկանիշը չի բարձրացվել»,- ասաց վարչապետը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ Հայաստանի վարկանիշը բարձրացվել է մեկ մակարդակով և հավելեց, որ «այս ընկերությունը ստեղծում է միջազգային ներդրումային ընկերությունների մոտ սպասում և տնտեսական քաղաքականության հուսալիության հեռանկարության վերաբերյալ տեսլական»։

Նա մանրամասնեց, թե ինչ ցուցիչներ են ազդել վարկանիշի բարձրացման վրա։

«Պակաս կարևոր չէ նաև այն կառուցվածքային բարեփոխումները, որ վարում է կառավարությունը։ Ներկա քաղաքականության առանցքում կառավարությունը կարևորում է վերականգնվող ռեսուրսների վրա մշակող արդյունաբերության առաջանցիկ աճը և մեծ ուշադրություն է դարձնելու տնտեսության մրցունակության, արտադրողականության բարձրացման հարցերին։ Նույնը վերաբերում է նաև ծառայությունների բնագավառում մեր որդեգրած քաղաքականությանը և զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։ Չափազանց կարևոր է արձանագրել, որ հարկային եկամուտների ավելացումը տեղի է ունենում վարչարարության բարելավման արդյունքում»,- ասաց նախարարը։

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ «տնտեսությունն այլևս չի վախենում կոռումպացված կառավարման համակարգից»։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը մանրամասնեց, որ Հայաստանի վարկանիշը 2006-ից սկսած վատթարացել է մի շարք գործոններով պայմանավորված. «Վարկանիշն ընկել է տրանսֆերնտներից կախվածության և Ռուսաստանի տնտեսության շոկերի խոցելության պատճառով։ Moody’s-ն աձանագրում է, որ մեր տնտեսության դիմադրողականությունը բարձրացել է։ Ընկերության մասնագետները այցելել են ինժեներական քաղաք, Սինոփսիս, Թումո կենտրոն, և դա բավականին լուրջ տպավորություն է թողել հասկանալու, որ աճի հաջորդ փուլը հնարավոր է՝ ավտոնոմ մեթոդներով ուղորդվի»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ հանդիպումներ է ունեցել ընկերության ներկայացուցիչների հետ և նրանք կառավարությանը «ռազմավարական գնահատականները համարվել են ճշգրիտ և արդի»։

«Սա չի կարող չհանգեցնել այս կամ այն կերպով տոկոսների նվազմանը շուկայում, այն կազմակերպությունները՝ մասնավոր հայկական, որոնք ունեն Moody’s-ի վարկանիշ, բնականաբար այդ վարկանիշը կաճի, ինչը կնշանակի որ տվյալ ընկերությունների և մասնավորապես բանկերի արտաքին շուկաներից ներգրավված միջոցների տոկոսադրույքը կնվազի որոշակի չափով։ Սա կհանգեցնի հայկական շուկայում տոկոսադրույքների որոշակի նվազման։ Կարևոր է գիտակցել, որ ոչ միայն տոկոսադրույքներն են նվազելու, այլ նաև միջազգային-ֆինանսական շուկաներն ավելի մոտ են գալիս դեպի հայկական մասնավոր հատված»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ըստ ԿԲ տեղեկանքի, վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում դրամային վարկերի տոկոսադրույքները իջել են երեք տոկոսով, դոլարային վարկերի տոկոսադրույքները իջել են մեկ տոկոսով։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել