Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց։ Քիչ առաջ կալանավորման որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Գագիկ Խաչատրյանն այսօր ներկա է եղել դատական նիստին։

Դատարանից դուրս գալով՝ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ կալանավորումը ապօրինի է։ Նա պնդեց, որ վեց ամիս նախաքննություն է ընթացել, և Խաչատրյանը երբևէ չի փորձել փախուստի դիմել․

«Ձերբակալումը ապօրինի էր և ոչ իրավաչափ։ Մենք արդեն երրորդ օրն է՝ խորությամբ հակափաստարկներ ենք ներկայացնում, որոնք գործի նյութերի և մեղադրանքի վերաբերյալ են, դրանց վերաբերյալ որևէ հիմնավոր փաստ չի ներկայացվել։ Ստատվեց, որ երեք օրվա քննությունը, ընդամենը ձևական բնույթ էր կրում»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Փաստաբանը հավելեց, որ դատարանը ապօրինի է համարել Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու քննիչի որոշումը։

Երեմ Սարգսյանը մանրամասնեց, որ քրեական գործում խոսք կա շուրջ 200 մլն դրամ վատնման մասին։ Նա պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հարց հնչեց, թե արդյոք քաղաքական ենթատեքստ տեսնում է փաստաբանը։ Երեմ Սարգսյանը վերահաստատեց իր նախկին դիրքորոշումը, որ «այս պահին որևէ քաղաքական ենթատեքստ չկա»։ Նա դժվարացավ ասել, թե արդյոք դատարանի որոշման վրա ազդեցություն եղել է իշխանության որևէ օղակի կողմից։

Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը, որն էլ նրան ձերբակալել էր օգոստոսի 27-ին։ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար։ Մինչ այս նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ դրվագներից մեկով աշխատանքի են գրանցվել ՊԵԿ աշխատակիցներ, որոնք չեն այցելել աշխատավայր, սակայն նրանց աշխատավարձը դուրս է գրվել ու վատնվել։

Մինչ այս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր կալանավորել Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանը, ով նախկինում զբաղեցրել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել