Եթե ՍԴ-ն մեր բերած բոլոր փաստարկներն ընդունի, Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի․ Ալումյան

Սահմանադրական դատարանը հիմա չի քննարկում Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կամ կալանքի տակ պահելու հարցը, սա պետք է մարդիկ լավ պատկերացնեն. ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Հիմա քննարկվում է հարց՝ արդյոք Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ են այն օրենքները, որոնք կիրառվել են, և արդյոք այդ օրենքների վերաբերյալ ձևավորված դատական պարկտիկան չի հակասում Սահմանադրությանը։ Կարևոր է, թե ՍԴ-ն իր որոշումը ինչ կերպ պետք է պատճառաբանի։ Մենք չգիտենք՝ ինչ որոշում կկայացվի, ամեն ինչ հնարավոր է՝ սկսած նրանից, որ մեր դիմումը կարող է մերժվել կամ հնարավոր է մեր բոլոր փաստարկները ընդունվեն։ Այս պահին հնարավոր չէ գուշակել որոշումը։ Հնարավոր է, որ ՍԴ-ն ասի, որ օրենքը սահմանադրական է, ոչ մի խնդիր չկա, բայց պրակտիկան, որ կիրառվում է հակասահմանադրական է»,- նշեց Հայկ Ալումյանը։

«Եթե ՍԴ-ն մեր փաստարկներին համաձայնեց, ապա կստացվի որ Քոչարյանի վերաբերյալ որոշումները պետք է վերանայվեն։ Սա չի նշանակում, որ հենց այս որոշման ուժով կդադարեցվի կամ ազատ կարձակվի։ Այսինքն պետք է վերանայվեն բոլոր դատական ակտերը, որոնցում այդ օրենքները կիրառվել են,- ասաց փաստաբանը։- Եթե Սահմանադրական դատարանը ամբողջությամբ ընդունի մեր բոլոր փաստարկները, ինչպես որ մենք ենք բերել, ապա Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, և քրեական հետապնդումը դադարեցվի»։

Սահմանադրական դատարանի բակում դիմումների քննությանը զուգահեռ բողոքի ակցիաներ են իրականացնում թե Ռոբերտ Քոչարյանի համախոհները և թե հակառակորդները։

Աստղիկ Գաուդյան

Մեկնաբանել