Համանախագահները գոնե այս հարթակում համերաշխ են աշխատում․ Մասիս Մայիլյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գոնե այս հարթակում համերաշխ են աշխատում․ սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։

Նրա խոսքով՝ «Արցախը այս առումով միավորող դեր է կատարում, և սա կարևոր է, քանի որ նման մարտահրավերներ եղել են նաև անցյալում»։

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ճգաժամային շրջաններ են եղել, բայց դա որևէ կերպ չի ազդել իրենց աշխատանքների վրա։ Կարծում եմ, որ այս մարտահրավերը ևս կհաղթահարվի»,- հավելել է Մասիս Մայիլյանը։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողի հարցին՝ նշելով, որ դա «շատ անհանգստացնող հարց է»։

«Հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ որոշ զգուշությամբ են մոտենում մեկնաբանություններին»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ աշխատանք է տարվում պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության գործընկերների հետ։

«Կա շատ էական դերակատարություն Կարմիր խաչի կողմից։ Սա շատ անհանգստացնող հարց է։ Մեզ համար շարունակում է անհանգստացնող հանգամանք լինել Կարեն Ղազարյանի ճակատագիրը և իհարկե այս նոր իրավիճակը, որը նույնպես պահանջում է շատ զգուշություն, որովհետև մարդկային կյանքի հետ գործ ունենք, մարդու ճակատագրի հետ գործ ունենք։ Շատ մտահոգիչ է, շատ անհանգստացնող, և շարունակելու ենք մաքսիմալ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի լուծումներ գտնենք»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել