Երևանի քաղաքապետարրանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն իրականացնելու իր պայմանագրային պարտավորությունը:
««Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է քաղաքապետարանին տրամադրել առևտրային բոլոր այն տարածքների ցանկը, որտեղ վճարովի հիմունքներով իրականացրել է աղբահանություն: Աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ներկայում այդ կազմակերպություններն արտադրական աղբը դատարկում են քաղաքային աղբարկղեր, հաճախ նաև հարակից տարածքներ, որի իրավունքն ըստ էության չունեն: «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն իրականացնելու իր պայմանագրային պարտավորությունը»,- հայտնում է քաղաքապետարանը։
Մեկ այլ՝ հակիրճ հաղորդագրությամբ քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանում նախորդ տարվա համեմատ 2 մլրդ 186 մլն դրամով ավելի եկամուտ է հավաքվել․ «Ամփոփվել են 2019թ. հունվար-օգոստոս ամիսների պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները. Երևանի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 103,6%: Փաստացի գանձված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 մլրդ 186 մլն դրամով: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել եկամուտների գանձման գործընթացը»։