Սեպտեմբերի 3-ին Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի թեկնածությունը։ ՆԳ նախարարի պաշտոնը կզբաղեցնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին, իսկ պաշտպանության նախարարինը՝ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Արդեն մի քանի ամիս է, ինչ ցուցարարները պահանջում են Գախարիայի հրաժարականը, քանի որ նրան համարում են հունիսյան ցույցերը դաժանաբար ցրելու գլխավոր պատասխանատուն։ Ցույցերը բռնկվել էին այն բանից հետո, երբ Ուղղափառության միջխորհրդարանական 26-րդ վեհաժողովի ժամանակ նիստը նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռը։ Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանների գործողությունների արդյունքում կային բազմաթիվ տուժածներ։
Վարչապետի պաշտոնում Գախարիայի թեկնածության առաջադրումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Վրաստանում։ Սեպտեմբերի 3-ին խորհրդարանի դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել նրա թեկնածության դեմ։
Գիորգի Գախարիան 2017-ի սեպտեմբերի 13-ից զբաղեցրել է ՆԳ նախարարի և փոխվարչապետի պաշտոնը։ Նա նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել էր իր հրաժարականի մասին՝ ասելով, որ «իր առաքելությունը համարում է կատարված»։
Լուսինե Վարդանյան