ՍԴ-ն հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացրած որոշումը

Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել է ՀՀ պաշտոնաթող նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացրած որոշումը։

ՍԴ-ն սեպտեմբերի 4-ին հակասահմանադրական ճանաչեց ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը, իսկ ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը գտավ, որ համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։

«Օրենսդիրը պարտավոր է սահմանել հստակ կանոնակարգումներ, որոնք գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան մինչդատական քրեական վարույթի նկատմամբ իրականացնել արդյունավետ դատախազական հսկողություն և դատական վերահսկողություն, ինչպես նաև, ի հավելումն ընդհանուր պահանջների, գնահատել նաև գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց նկատմամբ հարուցվելիք կամ արդեն հարուցված քրեական հետապնդման, ուստիև կալանքի կիրառման իրավաչափությունը»,- ասված է ՍԴ-ի որոշման մեջ։

Ըստ ՍԴ-ի Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց` «բացակայում է այն իրավական հիմքը, որով Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ չի իրականացվի քրեական հետապնդում, և քրեական գործի վարույթը կկարճվի բոլոր այն դեպքերում, երբ իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում կպարզի նրանց գործառութային անձեռնմխելիության առկայությունը»: Ելնելով այս հանգամանքից ՍԴ-ն արձանագրում է, որ «իրավասու մարմինները որևէ պարտականություն չունեն պարզելու, թե արդյո՞ք այդ անձանց ներկայացված մեղադրանքը` նրանց մեղսագրվող արարքի տեսանկյունից, վերաբերում է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից բխող գործողությանը կամ անգործությանը, թե՝ ոչ»: Ավելին՝ փաստում են, որ «դրա հետևանքով դատական վերահսկողություն իրականացնող դատարանն այդ անձանց գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից պարտավոր չէ ստուգել մեղադրանքի իրավաչափությունն անգամ նրանց նկատմամբ կալանք կիրառելիս, թեև կալանքն առավել ինտենսիվ միջամտություն է նրանց անձնական ազատությանը»։

Նման իրավիճակը, ըստ որոշման, «կարող է հանգեցնել նրան, որ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց (ներառյալ՝ պաշտոնաթող Հանրապետության նախագահի) նկատմամբ կարող է հարուցվել և իրականացվել քրեական հետապնդում, ինչպես նաև նրանք կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության այնպիսի գործողությունների համար, որոնք բխել է նրանց կարգավիճակից կամ գործունեությունից։ Այսինքն՝ այդ անձանց կարող է առաջադրվել ոչ օրինական և չհիմնավորված մեղադրանք, որի դեմ նրանք օժտված չեն լինի նաև գործառութային անձեռնմխելիությամբ պայմանավորված արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությամբ»:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտել է, որ «գործառութային անձեռնմխելիության առկայությունը յուրաքանչյուր դեպքում պետք է հաստատվի կամ հերքվի քրեական վարույթն իրականացնող իրավասու մարմնի կողմից պարզված, այդ թվում՝ անձին ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստերի համակցությամբ»:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել