Խալիլ Կուտ փաշայից՝ Աբդուլլահ Գյուլ. թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք այցելել են Հայաստան

1918 թվականից ի վեր, երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, մինչև այսօր՝ 2019, Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդ Թուրքիայի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այցելել են Երևան:

Առաջին պաշտոնյան եղել է Խալիլ Կուտ փաշան, որը հայոց պատմության մեջ հայտնի ցեղասպանության տարիներին անողոք կերպով արևմտահայերի ջարդեր իրականացնելու մեջ:

1918 թվականի օգոստոսին Խալիլը Թիֆլիսից Երևան է ժամանել Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի ներկայացուցիչների հետ, հանդիպումներ ունեցել վարչապետ Հովհաննես Քաջազնունու, ներքգործնախարար Արամ Մանուկյանի, Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդի հետ:

1918 թվականի սեպտեմբերի 8-ին Երևան է ժամանել Հայաստանի Հանրապետությունում նշանակված թուրք դեսպան Ալի Մեհմեդ փաշան, որը Էնվեր փաշայի ազգականներից էր: Նրան դիմավորել է Արամ Մանուկյանը: Դեսպանը հանդիպումներ է ունեցել նախարարների հետ, այցելել Հայաստանի մի շարք բնակավայրեր:

Հայաստանում Օսմանյան կայսրության դեսպանի այցից շաբաթներ անց կրկին Երևանում էր Խալիլ փաշան: Ֆորմալ առումով, մի կողմից անդրկովկասյան երեք նորանկախ պետությունները՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան մի կողմից և Քառյակ միությունը՝ Օսմանյան կայսրություն, Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա, մյուս կողմից, դաշնակիցներ էին: Շուտով Օսմանյան կայսրությունը Երևանում բացեց ներկայացուցչություն՝ դեսպանություն, Ալեքսանդրապոլում՝ հյուպատոսություն: Հայաստանը Պոլսում բացեց դեսպանություն և դեսպան նշանակեց Ֆերդինանդ Թախթաջյանին:

Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո՝ 1918-ի աշնանը, հայերի և թուրքերի շփումները դադարեցվեցին: Հայաստանի թիվ մեկ դաշնակից դարձավ Մեծ Բրիտանիան, որի օգնությամբ Հայաստանը իրեն միացրեց Նախիջևանն ու Կարսի մարզը, ապա, երբ բրիտանացիները հեռացան Կովկասից, Հայաստանի դաշնակից դարձավ Ամերիկան, որի մանդատի տակ մտնելը ձգտում էր Երևանը 1920-ի գարնանը:

Բարձր մակարդակի հայ-թուրքական շփումները սկսվեցին 1920-ի աշնանը, երբ քեմալական Թուրքիան զավթեց Հայաստանի տարածքները՝ Կարսը, Սուրմալուն, Շիրակի դաշտը: 1920-ի նոյեմբերի վերջին սկսվեցին Ալեքսանդրապոլի բանակցությունները, որը Հայաստանի կողմից գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, քեմալականների կողմից՝ Քյազիմ Կարաբեքիր փաշան:

Խորհրդային Հայաստանի տարիներին մեր երկիր են այցելել մի քանի թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ:

1935թ. ամռանը, երբ հայկական կողմում կառուցվում էր Սարդարապատի ամբարտակը, մի քանի ժամով Հայաստան այցելեցին Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը: Վարչապետ Իսմեթ Ինոնյուի և արտգործնախարար Թեվֆիկ Ռյուշթյու Արասի Հայաստան կարճատև այցը ինչպես թուրքական, այնպես էլ հայկական լրատվամիջոցները համարեցին խորհրդային-թուրքական բարեկամության հաստատման ևս մեկ օրինակ: 1920-ից մինչև 1939 թվականը Խորհրդային Միությունը և Թուրքիան համարվում էին դաշնակիցներ, իսկ Հայաստանը ԽՍՀՄ մաս էր կազմում միութենական հանրապետության կարգավիճակով:

1991-ին, երբ Հայաստանը անկախություն ձեռք բերեց, վերսկսվեցին հայ-թուրքական շփումները: 1991-1998 թվականին Երևան են այցելել Թուրքիայի արտգործնախարարության մի շարք պաշտոնյաներ:

1999-ին հոկտեմբերին, խորհրդարանում իրականացված ահաբեկչությունից հետո Երևան ժամանեց Թուրքիայի պետնախարարը՝ մասնակցելու սպանված վարչապետի, Ազգային ժողովի նախագահի և մյուս 6 պաշտոնյաների սգո արարողությանը:

Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան Աբդուլլահ Գյուլն էր, որը 2008-ի սեպտեմբերի 6-ին, ընդամենը 6-7 ժամով այցելեց Երևան և իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ դիտեց Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը:

Ֆուտբոլային դիվանագիտության շրջանում Հայաստան են այցելել նաև Թուրքիայի արտգործնախարարներ Ալի Բաբաջանն ու Ահմեթ Դավութօղլուն:

Երևան այցելած վերջին բարձրաստիճան թուրք պաշտոնյան եղել է հենց Դավութօղլուն, որը 2012թ դեկտեմբերի 12-ին Հայաստանում մասնակցեց ՍԾՏՀԿ անդամ երկրների հերթական խորհրդաժողովին:

Հայ պաշտոնյաները ևս բազմաթիվ անգամներ այցելել են Օսմանյան կայսրություն և Թուրքիա: Առաջին այցը տեղի է ունեցել 1918-ի հուլիսին, երբ Պոլիս մեկնեց հայկական պատվիրակությունը՝ գլխավորությամբ Ավետիս Ահարոնյանի և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի: Պատվիրակությունը 4 ամիս մնաց Պոլսում և այդ ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ունեցավ Թալեաթ և Էնվեր փաշաների, սուլթանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Խորհրդային Հայաստանի առաջին տարիներին հայ-թուրքական շփումները պահպանվում էին: Երևանում Թուրքիայի դեսպանությունը գործում էր մինչև 1923թ հոկտեմբերի վերջերը, իսկ Ալեքսանդրապոլի հյուպատոսությունը՝ մինչև 1925-ը: Փոխադարձաբար, Խորհրդային Հայաստանը իր դիվանագիտական ներկայությունն ուներ Պոլսում և Կարսում, որը 1920-ի հոկտեմբերին գրավվել և կցվել էր Թուրքիային:

1990-ական թվականներից վերսկսվեցին հայ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Թուրքիա, որոնք հիմնականում տեղի էին ունենում միջազգային համաժողովների մասնակցության շրջանակներում: Ստամբուլ և Անկարա են այցելել Հայաստանի արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Էդուրադ Նալբանդյանը: Միակ արտգործնախարարը, որը չի այցելել Թուրքիա, գործող Զոհրաբ Մնացականյանն է:

Տարբեր առիթներով Թուրքիա են այցելել նաև Հայաստանի երեք առաջնորդները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:

Հայ-թուրքական դիվանագիտական շփումների գագաթնակետը 2009-ի հոկտեմբերի 14-ն էր, երբ Սերժ Սարգսյանը այցելեց Բուրսա և Աբդուլլահ Գյուլի հետ դիտեց Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպումը, տեղի ունեցան նախագահների մակարդակով բանակցություններ:

Հայաստանի միակ ղեկավարը, որը չի այցելել Թուրքիա, Նիկոլ Փաշինյանն է:

Հայ-թուրքական բարձր մակարդակի շփումներ տեղի են ունեցել նաև երրորդ երկրներում: Այսպես, 2009-ին տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ, Ռոբերտ Քոչարյանը՝ արդեն նախագահ Դեմիրելի հետ:

Այսօր, հայ-թուրքական դիվանագիտական շփումները ամենացածր կետին են ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից ի վեր:

Լուսանկարում՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն (ձախից) Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ, 2012թ․ դեկտեմբերի 12-ին, Երևանում։

Մեկնաբանել