Հրապարակվել են արցախյան ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Սեպտեմբերի 8-ին Արցախի բոլոր 228 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին։ Այս ընտրությունները նախորդում են Արցախի համընդհանուր ընտրություններին․ 2020-ին Արցախը կընտրի նոր նախագահ և խորհրդարան։

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները։

Ստեփանակերտում համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել է ընտրողների 55,4%-ը։ Նախնական արդյունքներով հաղթել է անկուսակցական Դավիթ Սարգսյանը՝ նրա օգտին ձայն է տվել կողմ քվեարկածների 37,4%-ը։

Մարտակերտում ընտրություններին մասնակցել է ընտրողների 65,3%-ը, որոնց 54,0%-ը կողմ է քվեարկել համայնքի ղեկավարի թեկնածու Միշա Գյուրջյանի օգտին։

Շուշիում համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,7%-ը, 5 թեկնածուներից առավելագույն ձայն է ստացել Արծվիկ Սարգսյանը՝ 49,7%:

Ասկերանում համայնքի ղեկավարի երեք թեկնածուից առավելագույն ձայն է ստացել Սամվել Աղաջանյանը՝ 39,3%: Այստեղ, մնացած քաղաքների համեմատ, ընտրության մասնակցությունը բավական բարձր է՝ 76,6%:

Մարտունի քաղաքում նախնական արդյունքներով հաղթել է Հայկ Սարգսյանը՝ ստանալով ձայների 54,1%-ը։ Իսկ Քարվաճառում ընտրողների կեսից ավելին՝ 52,5%-ը, ձայն է տվել Սերգեյ Չիլինգարյանին։ Այստեղ ընտրություններին մասնակցությունը նույնպես բավական բարձր է՝ 79,6%:

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել