ԵՏՄ երկրներից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։ Նրա խոսքով՝ նախագծով սահմանվում է, որ կարգելվի բիզնես գործունեության նպատակով ռուսական վարորդական իրավունքի վկայականների գործածությունը Հայաստանում։
«Այսինքն, եթե ՌԴ-ում մեր կողմից տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները ճանաչվեն և հնարավորություն տրվի դրանցով, օրինակ, տաքսի վարել, մենք փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք նաև ՌԴ քաղաքացիներին»,- ասաց փոխոստիկանապետը։
Արդյոք այս նախագիծը պատասխա՞ն է ՌԴ-ին, որն արգելել է ՀՀ վարորդական վկայականներով ՌԴ-ում գործունեություն ծավալել։ Քոչարյանի խոսքով՝ «սա պատասխան չէ, նույն կարգավորման նախատեսումն է մեր օրենսդրության մեջ միասնականացում ապահովելու համար»։
Սաթենիկ Հակոբյան