Սեյսմիկ ակտիվությունը նվազում է․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 10-ին 6-7 բալ ուժգնությամբ գրանցված երկրաշարժին հետևած բոլոր հետցնցումները ավելի թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է:

Սեպտեմբերի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4,8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով ՀՀ տարածքում զոհեր և ավերածություններ չեն եղել:

Երկրաշարժին հետևել է 1,8 մինչև 3,7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում:

ԱԻՆ-ը հայտնում է, որ միջին ուժգնությամբ և մեծ թվով երկրաշարժները բնորոշ են Ջավախքի խզվածքային գոտուն:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ մշտադիտարկում:

Բազմապարամետրային մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, չեն սպասվում լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ:

Գերատեսչությունը շեշտում է, որ սեյսմիկ ռեժիմը գտնվում է վերահսկողության տակ, և հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանել