Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել. ԱԳՆ խոսնակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և նրանք համաձայնել են․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համաձայնել են հանդիպել, սակայն որտեղ և ինչ ժամկետներում կկայանա հանդիպումը` դեռ չենք կարող ասել։ Կա սկզբունք, որ հանդիպման մասին համաձայնեցված կարգով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միաժամանակ հայտնեն, ինչը խախտել հայկական կողմը չի պատրաստվում»,–ասաց նա։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին (նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 17–ին)։