Հանքարդյունաբերության դեմոնիզացիան հարվածում է երկրի անվտանգությանը․ վարչապետ

Ես անձամբ հանքարդյունաբերություն երևությով հիացած չեմ, բայց այն դեմոնիզացիայի ենթարկելու ընդհանուր միտումը նույնպես ընդունելի չէ և հակասում է մեր ազգային ու անվտանգային շահերին․ այսօր Վանաձորում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կոնֆլիկտի մեջ գտնվող երկիր ենք,- ասաց նա։ – Մենք պետք է քննարկենք վատթարագույն դեպքերը և այդ դեպքերում երկրի կարիքները հոգալու միջոցները»։

Նա հարցադրում արեց՝ եթե պատերազմ սկսվի, դրա մեկնակի ամենամեծ տնտեսական պրոբլեմը ո՞րն է։ Փաշինյանը նկատեց՝ նման դեպքերում առաջանում է արտարժույթի դեֆիցիտ։

«Արտարժույթի աղբյուրները որո՞նք են։ Առաջինը զբոսաշրջությունն է, բայց երբ պատերզմ է, զբոսաշրջիկներ ոչ միայն չեն գալիս, եղածները գնում են 24 ժամվա ընթացում»,- հայտարարեց Փաշինյանը։

Երկրորդ աղբյուրը, ըստ նրա, գյուղմթերքի արտահանումն է, որը կրկին փակում ես, որ մնա երկրում։

Եվս մեկ աղբյուր այլ ապրանքների արտահանումն է, բայց նման պայմաններում կոշիկի, համազգեստի պահանջարկը աճում է։ Այսինքն արտահանման արտարժույթ ձեռք բերելու հնարավորությունից երկրը զրկվում է, շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

«Նման պայմաններում միակ աղբյուրը, որը կարող է բերել արտարժույթ, հանքարդյունաբերությունն է պոտենցիալ ճգնաժամի պահին»,- ասաց նա։

Վարչապետի համոզմամբ՝ հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելը նշանակում է հարված հասցնել երկրի անվտանգությանը։ Գործադիրի ղեկավարը նաև կարծիք հայտնեց, որ եթե սկզբունքային լինեն Ամուլսարի ոսկու հանքի հարցում, պետք է սկզբունքայնություն ցուցաբերեն նաև մյուս հանքերի պարագայում։

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում, 2018թ․ հուլիս

Մեկնաբանել