Նիկոլ Փաշինյանը պատմեց Միքայել Մինասյանի «բազմաթիվ օբյեկտների մասին»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին Վանաձորում մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին և նրա վերջին հայտարարություններին։ Փաշինյանը պատմեց, որ Մինասյանը բազմաթիվ օբյեկտների սեփականատեր է, որոնք գրանցված են եղել մի կնոջ անունով, որի անունը որևէ մեկին ոչինչ չի ասում։

«Ինչո՞վ է ֆինանսավորել լրատվամիջոցները»,- հարցադրում արեց Փաշինյանը և շարունակեց շարքը՝ հանքարդյունաբերությունից, էներգետիկայից, գովազդային դաշտից, լրատվական դաշտից սկսած։։

«Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Միքայել Մինասյանը միլիոնատեր է այսօր, այդ թվում` պետական լծակների կիրառմամբ, և մենք մինչև այսօր չենք ունեցել բավարար իրավական հիմքեր այդ սեփականությունը հետ բերելու համար»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «ավանսով իրենցից քաղհալածյալ ստեղծել չի ստացվի, քանզի նրանք թալանել են Հայաստանի Հանրապետությունը, և դա շատ հեշտ ապացուցելի փաստ է, իզուր են ձև անում, թե տեղյակ չեն»։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Միքայել Մինասյանը Լոռու մարզում ռազմավարական նշանակության օբյեկտ է սեփականաշնորհել, և քրեական գործ է հարուցվել, սակայն ձեռնպահ մնաց օբյեկտի վերաբերյալ մանրամասներ հաղորդելուց՝ ընթացակարգերը չխախտելու նպատակով։

Մեկնաբանել