Այսօր կհրապարակվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի առաջին ատյանի դատարանը կհրապարակի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Որոշումը կհրապարակի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը, ստանալով նրա դիմումի հիման վրա կայացրած ՍԴ որոշումը, սեպտեմբերի 7-ին միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ ՍԴ-ն սեպտեմբերի 4-ին հակասահմանադրական ճանաչեց ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը, իսկ ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը գտավ, որ համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։

Պաշտպանական խումբը սեպտեմբերի 12-ի դատական նիստին կրկնեց իր միջնորդությունը՝ պնդելով, որ «անձեռնմխելիությամբ օժտված անձանց ընթացակարգային, կառուցակարգային պաշտպանության հնարավորություններ մեր Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել», և այս բացերի շրջանակում առկա է կիրառված խափանման միջոց կալանավորումը, որն ինքնին ենթադրում է Սահմանադրության խախտում։

Մեղադրող կողմն էլ վստահ է, որ ՍԴ որոշումը այս գործին վերաբերելի չէ, և Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել