«Բոլոր պրոցեսները պետք է լինեն իրավական դաշտում»․ ԲՀԿ-ն՝ ՍԴ-ի շուրջ իրավիճակի մասին

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադարձան Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին և Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրադրությանը։ 

Ինչպես նկատեց խմբակցության անդամ Արման Աբովյանը, հրաժարականի պատճառը հստակ չէ, սակայն ակնահյտ է, որ խմորումներ են եղել։ Նա մի քանի անգամ շեշտեց, որ պատճառը հասկանալուց հետո միայն կարող են անել մեկնաբանություններ։

Իվետա Տոնոյանի խոսքով էլ՝ տեքստից բխող գուշակություններ անելը անպտուղ գործ է, պետք է առաջին դեմքից ստանալ ակնարկների հիմնավորումը։ Վանեցյանի կողմից ակնարկներին անդրադառնալուց հետո միայն դրանց մասով կարող են գնահատական տալ։

Սահամանդրական դատարանի շուրջ իրավիճակի մասով ԲՀԿ խմբակցության անդամները նշեցին, որ դատական համակարգն ունի բարեփոխումների կարիք, կա վստահության պակաս, սակայն «բոլոր պրոցեսները պետք է լինեն իրավական դաշտում»։

«Մենք քար կգցենք իրավական պետություն գաղափարի վրա, եթե ամեն իշխանություն ցանկանա իր դատարանը բերել»,- հայտարարեց խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Խորհրդարանի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը սեպտեմբերի 16-ին հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու մասին։ Նույն օրը՝ ավելի վաղ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց իր պաշտոնից։