Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի առաջին ատյանի դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը չփոխվեց․ նա կշարունակի մնալ կալանքի տակ։

***

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը, ստանալով նրա դիմումի հիման վրա կայացրած ՍԴ որոշումը, սեպտեմբերի 7-ին միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ ՍԴ-ն սեպտեմբերի 4-ին հակասահմանադրական ճանաչեց ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը, իսկ ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը գտավ, որ համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։

Պաշտպանական խումբը սեպտեմբերի 12-ի դատական նիստին կրկնեց իր միջնորդությունը՝ պնդելով, որ «անձեռնմխելիությամբ օժտված անձանց ընթացակարգային, կառուցակարգային պաշտպանության հնարավորություններ մեր Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել», և այս բացերի շրջանակում առկա է կիրառված խափանման միջոց կալանավորումը, որն ինքնին ենթադրում է Սահմանադրության խախտում։