Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ ճեպազրույց է ունեցել մի քանի լրագրողի հետ։ Ճեպազրույցը որոշ խմբագրումներով ներկայացված է ստորև։ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական է տվել երեկ։ Այժմ նա միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է։
– Ինչու՞ հրաժարական տվեցիք։ Ինչպե՞ս եք մեկնաբանում և հատկապես տեքստում հնչած հայտարարությունները, որ առաջնայինը երկորրդականից չեն տարբերում, հախուռն և տարերային գործողություններ են անում։ Դրանք ո՞ւմ են ուղղված և ի՞նչ նպատակ ունեն։
– Այս պահին զերծ կմնամ մեկնաբանել հրաժարականի տեքստը։ Հրաժարականի տեքստը հրապարակվել է, և բոլորը կարդացել են, ծանոթացել են, գնահատականները տվել են։ Առաջիկայում, եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել հրաժարականի տեքստը, անպայման կմեկնաբանեմ։
– «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում»։ Դուք գիտակցո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր ձևակերպումներ են սրանք Հայաստանի պետության, պետական անվտանգության համար։
– Միանշնանակ գիտակցում եմ։ Ես առհասարակ իմ բոլոր քայլերը անում եմ շատ գիտակցված, շատ մտածված։ Եվ նախորդ հարցը՝ ինչու, Ձեզ ասացի։ Երբ կլինի անհրաժեշտություն մեկնաբանել հրաժարականի տեքստը, համոված եղեք՝ ես կմեկնաբանեմ։ Ես ուզում եմ մի շատ կարևոր բան ասել։ Ուզում եմ կոչ անել բոլորին՝ առհասարակ չփորձեն այսպես կոչված պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ, ես իմ այս մեկուկես տարիների ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, և դրական արդյունքները եղել են ակնհայտ բոլորի համար։ Էն հեղինակությունը և վարկանիշը, որ ձեռք է բերել ԱԱԾ-ն, ինձ համար ամենակարևոր և մնայուն արժեքն է, որը անհրաժեշտ է մեր պետությանը, և ես կարծում եմ, որ ես այդ գործում ունեցել եմ շատ մեծ հաջողություն։
Նախկինների խանդավառությունը, որը նկատվում է երեկվանից, ես ուզում եմ ասել, որ թող մնան իրենց նախկին քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ։ Այդ հարաբերությունները մենք գիտենք՝ ոնց են և ոնց կշարունակենք։
– Վարչապետի խոսնակը ակնարկ էր արել, որ այդ տեքստը Դուք չեք գրել, գրել են թյուրիմացաբար կոռուպցիոն հանցագործություններից խուսափած PR գրասենյակի ներկայացուցիչները։
– Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրվել է իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից, այսինքն՝ մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա, և ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ կարող է՝ կապեն, փորձեն կապել,- ո՞նց էր ձևակերպումը,- մի խոսքով իրենց հետ։ Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանը ինձ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա Հայաստանի Հանրապետության օրենքների առջև։ Կլինի քննութուն,- վարչապետը երեկ հայտարարեց, որ ընթանում է քննություն,- կլինի քննություն, և քննությունը պատասխան կտա՝ արդյոք Միքայել Մինասյանը պետք է պատասխան տա, կանգնի օրենքի առջև, թե չպետք է կանգնի։
– Վարչապետի հետ ի՞նչ հարաբերություններ են եղել այս ընթացքում։ Արդյոք լարվածություն եղե՞լ է։
– Վարչապետի հետ եղել են շատ լավ հարաբերություներ։ Մենք աշխատել ենք շատ լավ։ Եվ չէի ցանկանա այլ մանրամասներ ասել։
– Դուք քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունե՞ք, թե՞ ոչ։
– Նայե՛ք, ես երբ որ ընդունել եմ հրաժարական կայացնելու որոշումը, չեմ խորհրդակցել որևէ քաղաքաական ուժի հետ։ Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի՝ կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ։ Տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին և կայացրել եմ այդ որոշումը։ Այդ որոշումը շատ մտածված, շատ հստակ էր, և ես քաղաքականություն մտնելու կամ քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված այս պահին որևէ մեկնաբանություն չեմ անի։ Ես այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ, և մենք ունենք առաջիկայում՝ հոկտեմբեր ամսին, երկու շատ վճռորոշ խաղեր, որոնց հաջողության դեպքում Հայաստանի ֆուտբոլային թիմը՝ ազգային հավաքականը, առաջին անգամ պատմության մեջ կարող է հայտնվել Եվրոլիգայի եզրափակիչ փուլում։ Ինձ համար ամենակարևոր հարցը այս պահին դա է։ Կանցնի ժամանակը, և ես իմ որոշումը, հնարավոր որոշումը կկայացնեմ։ Այս կյանքում որևէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին ես միայն զբաղվելու եմ ֆուտբոլով։
– Պարո՛ն Վանեցյան, սպայի կարգավիճակի հետ ի՞նչն էր անհամատեղելի, որ ձեր գրառման մեջ գրված էր․․․
– Հարգելի՛ լրագրող, ես նշեցի, որ չեմ ուզում մեկնաբանել այդ հայտարարությունը։ Տեքստը, որը հրապարակվել է, բոլորը ընթերցել են, բոլորը շատ լավ գիտեն։ Հարցեր են առաջանում, հարցերի հետ կապված մեկնաբանություն կլինի ըստ անհրաժեշտության։ Այս պահին ես անհրաժեշտ չեմ համարում մեկնաբանել ադ հարցի պատասխանը։ Եվ նորից եմ հորդորում բոլորին՝ որևէ մեկը թող չփորձի պղտոր ջրում ձուկ որսալ։ Ես կայացած մարդ եմ, կայացած գործիչ եմ։ Եվ ես ինքս որոշում կկայացնեմ, թե ինչ պետք է անեմ։
– Ձեր հայտարարությունը որակվեց որպես քաղաքական գործունեություն սկսելու մեկնարկին բնորոշ հայտարարություն։
– Դուք նույն հարցերը անընդհատ տալիս եք։ Ես արդեն էդ հարցերին պատասխանել եմ։
– Ո՞ւմ եք տեսնում ԱԱԾ պետի պաշտոնում։
– Ում կորոշի վարչապետը, նա էլ կզբաղեցնի ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնը։ Դա մեր երկրի առանցքային պաշտոններից մեկն է, որը պատասխանատու է երկրի ներքին, թե արտաքին անվտանգության համար, և ես, ով կլինի ԱԱԾ տնօրեն, մաղթում եմ նրան հաջողություններ այդ դժվար աշխատանքում։ Եվ եթե մի օր անրաժեշտ կլինի իմ օգնությունը այդ անձին, մեծ պատասխանատվությամբ կօգնեմ։ Ես ուզում եմ նաև դիմել մեր հայրենակիցներին, այն մարդկանց, որոնք ցավում են իմ հրաժարականի հետ կապված։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ կարծիքների համար։ Ես այս մեկուկես տարիների ընթացքում և առհասարակ ԱԱԾ-ի իմ 20 տարուց ավել աշխատանքային ստաժում միշտ գործել եմ խղճով, միշտ արել եմ այնպիսի գործեր, որ երբեք չամաչեմ քայլել Երևանի փողոցներում։ Ես չեմ արել մի բան, որից ամաչում եմ։ Ես գլուխս բարձր և պատվով շարունակելու եմ ապրել մեր քաղաքում և շրջել Երևանի փողոցներում։
– Քանի որ խոսեցինք Միքայել Մինասյանից․․․ վարչապետը երեկ ակնարկեց, բայց չասաց, թե որ կառույցն է նա սեփականաշնորհել։ Դուք տեղեկություններ ունե՞ք։
– Ես չեմ ուզում արդեն մեկնաբանել, իհարկե ունեմ, բայց ես չեմ ուզում այդ հարցը մեկնաբանել, որովհետև ես այսօր այլ կարգավիճակում եմ։ Ժողովուրդ ջան, նորից եմ կրկնում, շատ շնորհակալ եմ բոլորիդ, լա՛վ եղեք, լա՛վ մնացեք։ Ես իմ հայտարարության վերջում մի արտահայտություն եմ արել, ասել եմ՝ պատիվ ունեմ։ Պատիվ ունեմ, ծառայել եմ, ծառայում եմ Հայաստնաի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և ողջ հայ ժողովրդին։
Լուսինե Վարդանյան
Կարդացե՛ք նաև՝
Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ․ ԱԱԾ տնօրեն
Չի եղել մի դեպք, երբ Վանեցյանն ասի՝ որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ․ Նիկոլ Փաշինյան
Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը