Վարչապետը նշանակել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին կայացած կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ որոշում է կայացրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, իսկ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը նշանակվել է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Վարչապետը նշեց․ «Տեղեկացնեմ, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ է սա, և մեր գործընկերները այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն ղեկավարելու երկու համակարգերը:

Ես ուզում եմ հաջողություն մաղթել և շնորհավորել մեր գործընկերներին: Ֆորմալ առումով մենք սպասում ենք նախագահի կողմից համապատասխան հրամանագրերի ստորագրմանն ու հրապարակմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

***

ԱԱԾ տնօրենի պաշտոնը թափուր է մնացել սեպտեմբերի 16-ից, երբ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։

Սեպտեմբերի 18-ին էլ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Նույն օրը Փաշինյանը նոր որոշում է ստորագրել՝ Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու վերաբերյալ։

Մեկնաբանել