Ինչ կլինի նավթի շուկայում սաուդյան նավթահորերի վրա հարձակումից հետո

Մոսկվայի Կարնեգի կենտրոնը հրապարակել է Եկատերինա Գրուշեվենկոյի հոդվածը՝ «Ի՞նչ կլինի նավթային շուկայի հետ Սաուդյան Արաբիայում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո» վերնագրով: Հեղինակը վերլուծում է նավթի շուկայում հնարավոր զարգացումները։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Չնայած արդյունահանման գործող բոլոր սահմանափակումներին («ՕՊԵԿ պլյուս» գործարքը, Իրանի դեմ պատժամիջոցները)՝ նավթի համաշխարհային արդյունահանման 6 տոկոսի կորուստն արագ լրացնելը անհնար է։ Եթե նույնիսկ «ՕՊԵԿ պլյուսի» երկրները ամբողջ ուժով աշխատեն, ԱՄՆ-ը հանկարծ վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, իսկ ամերիկացիներն ավելացնեն թերթաքարային նավթի արդյունահանումը, արդյունքում կստացվի լրացնել կորսված ծավալի ընդամենը 50 տոկոսը։ Մնացած ծավալը լրացնելու համար երկար ժամանակ է հարկավոր, չնայած նավթային ոլորտը կարող է սա էլ հաղթահարել։

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 14-ին, Սաուդյան Արաբիայի արևելքում անհայտ անօդաչու թռչող սարքերը (դրոնները) ռմբակոծեցին Saudi Aramco ընկերության նավթահանման սարքավորումները Հուրայս հանքավայրում և ամենամեծ համալիրը՝ Աբքայքում։

Այս իրադարձությունը արդեն հիմա կարելի է անվանել նավթային ոլորտում ահաբեկչությունների պատմության մեջ ամենահզորը։ Դրա հետևանքները, անխոս, կազդեն նավթի գների վրա, սակայն նույնիսկ դեպքերի ամենավատ դասավորության դեպքում շուկան կկարողանա դուրս գալ այդ ճգնաժամից։ Ավելի շուտ հարցն այն է, թե արդյոք նավթային ոլորտը կկարողանա հետագայում ապահովել գոնե ամենախոշոր նավթային օբյեկտների ֆիզիկական անվտանգությունը։

Առավելագույն կորուստ

Հարձակման համար օբյեկտները պատահական չեն ընտրվել։ Աբքայքում սարքավորումների հզորությունը հասնում է օրական 7 միլիոն բարելի, այնտեղ պատրաստվում է մի քանի հանքերի, այդ թվում՝ Գավար հսկայական հանքավայրի նավթը, իսկ հետո ուղարկվում է արտահանման։ Հարվածները սարքավորումներին ամբողջովին կանգնեցրել են նավթի արդյունահանումը, քանի որ այլ նյութերից չզտված նավթը անհնար է արտահանել։ Մեծ հեռավորությունների պատճառով կեղտոտ նավթը հնարավոր չէ արտահանել նաև նաև նավթավերամշակման այլ գործարաններ։

Հարձակումը շեշտակի նվազեցրել է Սաուդյան Արաբիայում արդյունահանումը՝ օրական 5,7 միլիոն բարելով։ Եթե հաշվի առնենք, որ 2019-ի հուլիսին երկրում օրական արդյունահանման ընդհանուր թիվը կազմել է 9,7 միլիոն բարել, իսկ արտահանումը՝ 7,4 միլիոն, ապա ստացվում է, որ Սաուդյան թագավորության արտահանվող նավթի 75 տոկոսը դուրս է մնացել շուկայից։

Համաշխարհային մասշտաբով 5,7 միլիոն բարելը 2018-ի արդյունահանման օրական միջին ծավալի 6 տոկոսն է և առևտրի 12,5 տոկոսը։ Սա գրեթե համադրելի է Ռուսաստանի օրական արդյունահանման կեսի հետ։ Արդյունահանման ներկայիս կրճատումը Սաուդյան Արաբիայում դարձավ պատմության մեջ ամենամեծը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1978-1979-ին, երբ Իրանում իսլամական հեղափոխության պատճառով նավթի արդյունահանումը կրճատվել էր՝ դառնալով օրական 5,6 միլիոն բարել։

Իհարկե, նավթաշուկան անմիջապես արձագանքել է միջադեպին։ Նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո նավթի գինը 20 տոկոսով աճել է՝ սեպտեմբերի 16-ին հասնելով վերջին վեց ամիսների ամենաբարձր կետին։ Brent տեսակի նավթի գինը աճել է մեկ բարելի համար մոտ 12 դոլարով՝ հասնելով 71,95 դոլարի, իսկ հետո կայունացել է 68 դոլարի սահմաններում։

Համընդհանուր հանգստություն

Չնայած կորուստների զգալի չափերին՝ բոլոր հետաքրքրված կողմերը դեռ ջանում են վստահությունը պահպանել և տագնապի մեջ չընկնել։ Նավթօգտագործողներից հայտարարություններով են հանդես եկել Էներգիայի միջազգային գործակալությունը և ԱՄՆ-ը։ Գործակալությունը ընդգծել է, որ շուկայում նավթի առաջարկը բավարար է, և ներկայում ռազմավարական պահուստներն օգտագործելու կարիք չկա։ Հակառակ դրա՝ ԱՄՆ-ը հայտարարեց իր ռազմավարական պաշարներից վաճառք սկսելու մասին՝ շուկայում հավասարակաշռությունը պահելու համար։

Խոշոր սպառողների զսպված արձագանքը պարզ է․ ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է հետագա գնաճի պատճառ դառնալ և իրենց վիճակը ավելի վատացնել։ Բացի դրանից, արտաքին հանգստության հետևում ոչ միայն շուկայական անհանգստությունն է, այլև պաշարների մեծ քանակը, որը Էներգիայի միջազգաին գործակալությանն անդամակցող երկրների համար հավասար է 2018-ին իրենց միջին եռամսյակային սպառմանը։

Արտադրողների կողմից պաշտոնական մակարդակում արձագանքը նույնպես չեզոք էր։ Համենայն դեպս, նավթի ծավալների մեծացման պատրաստակամության մասին հայտարարություններ դեռ չեն եղել։ Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ «առևտրային պաշարները աշխարհում բավական են» ճգնաժամը կարգավորելու համար։ Ընդ որում, նախարարը ընդգծել է, որ տեղի ունեցած «իրադարձությունը անհրաժեշտ է դարձնում գնահատել անվտանգության իրավիճակը»։

Սպառողների հետագա վարքագիծը, հատկապես «ՕՊԵԿ պլյուսի» անդամների, մեծապես կախված կլինի օբյեկտներին հասցված վնասի չափերից։ Եթե պարզվի, որ սարքավորումների վերանորոգումը երկար է տևելու, ապա արտադրողները անպայման կօգտվեն պահից և կսկսեն տատանել գները։

Ի՞նչ կլինի գների հետ

Այս հարցին անհնար է պատասխանել՝ առանց աղետի իրական չափերը հասկանալու։ Saudi Aramco-ի պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ վերանորոգումը պետք է տևեր մոտ երկու օր (մինչև սեպտեմբերի 17-18-ը)։ Սակայն հարձակման ենթարկված օբյեկտների արբանյակային լուսանկարները և ոլորտի փորձագետների մեկնաբանությունները խոսում են այն մասին, որ վերանորոգումը կտևի շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ։ Այսպիսի անորոշության ֆոնին առաջանում են մի քանի հնարավոր սցենարներ։

Առաջինը՝ ամենից լավատեսականը, այն է, որ սաուդցիները չեն չափազանցնի, և օբյեկտների վերանորոգումը կհաջողվի ամենակարճ ժամկետներում։ Այս դեպքում իրավիճակը շուկայի վրա նվազագույն ազդեցություն կունենա, քանի որ կարճաժամկետ պակասը կարելի է հեշտ փոխարինել հենց միայն Սաուդյան Արաբիայի պաշարներով․ դրանք պետք է որ մեկ ամիս հերիքեն։ Սակայն նավթի գներում ամեն դեպքում կարող է առաջանալ աշխարհաքաղաքական ապահովագին՝ Սաուդյան Արաբիայում ամենաշատը հսկվող և մարտավարական առումով կարևորագույն օբյեկտներից մեկում առաջացած խոցելիության պատճառով։ Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի Էներգետիկայի կենտրոնի բաժնի գնահատմամբ՝ այդպիսի ապահովագին կարող է կազմել մեկ բարելի համար 5-7 դոլար։

Երկրորդ սցենարը ենթադրում է, որ տուժած օբյեկտների լիարժեք վերանորոգումը կարող է ձգվել 1-2 ամիս։ Այդ պարագայում միայն Սաուդյան Արաբիայի պաշարները չեն հերիքի շուկայում առաջարկի պակասը լրացնելու համար։ Դա նշանակում է, որ Սաուդյան Արաբիայից նավթ ներկրող երկրները ստիպված կլինեն հույսը դնել իրենց սեփական պահուստների վրա։ Հետո հարկավոր կլինի այդ պաշարները լրացնել, ինչը կտանի պահանջարկի ավելացման և գնաճի։ Այս դեպքում նավթի գինը կարող է աճել մեկ բարելի համար 10-15 դոլարով։

Եվ վերջապես, չի կարելի լիովին բացառել ամենամռայլ սցենարը, որի դեպքում օբյեկտների վերականգնման համար կպահանջվի երեք ամսից ավելի, կամ օբյեկտների վրա հարձակումները կրկնվեն։ Այս դեպքում աշխարհաքաղաքական ռիսկի ապահովագինը էապես կաճի, կպարզվի, որ նավթային ենթակառուցվածքը չափազանց խոցելի է և հեշտ կարող է երկար ժամանակով շարքից դուրս գալ։ Բացի այդ, կաճի ռազմավարական պաշարների սպառման ծավալը։ Այդպիսի ճգնաժամային իրավիճակում նավթի գինը կարող է գերազանցել 75 դոլարը և նույնիսկ 80 դոլարը մեկ բարելի համար։

Իհարկե, վերջին սցենարը վատատեսական է, սակայն այն ևս պետք է հաշվի առնել։ Չնայած արդյունահանման գործող բոլոր սահմանափակումներին՝ համաշխարհային արդյունահանման 6 տոկոսն արագ լրացնելն անհնար է։ Եթե նույնիսկ «ՕՊԵԿ պլյուսի» երկրները ամբողջ ուժով աշխատեն, առանց Սաուդյան Արաբիայի նրանք կարող են հասնել օրական լրացուցիչ 1 միլիոն բարելից ոչ ավելիի, ընդ որում, դրա մեկ երրորդը բաժին կընկնի Ռուսաստանին։

Եթե նույնիսկ ենթադրենք, որ ԱՄՆ-ը հանկարծ կվերացնի Իրանի դեմ պատժամիջոցները (ինչը քիչ հավանական է, քանի որ վերջինիս մեղադրում են հարձակմանը մասնակցություն ունենալու մեջ), և նա արագ վերադառնա մինչ պատժամիջոցները տիրող մակարդակին՝ օրական 1,2 միլիոն բարել, իսկ ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանումն ավելացնեն ևս 0,3-0,5 միլիոն բարելով, ապա արդյունքում հնարավոր կլինի փոխհատուցել ընկած ծավալի միայն 50 տոկոսը։ Մնացածը լրացնելու համար երկար ժամանակ է հարկավոր, սակայն նավթային ոլորտը կարող է սա էլ հաղթահարել։

Իսկ ահա սեփական ֆիզիկական անվտանգության ապահովոմանը այն ինքնուրույն հասնել չի կարող։ Աշխարհում ամենահզոր արտահանողի նավթարդյունաբերության սրտում հարձակումը ցույց տվեց, թե ինչքան խոցելի է համակարգը։ Հաշվի առնելով սա՝ արժե սպասել, որ խոշոր նավթագազային ենթակառուցվածքային օբյեկտներ ունեցող երկրները ավելի լուրջ միջոցներ կձեռնարկեն դրանց անվտանգությունը ապահովելու համար։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի

Մեկնաբանել