Դավիթ Տոնոյանը պնդում է՝ ոչ թե փոխանակում, այլ ՀՀ քաղաքացիների վերադարձ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լիբանանցի իր պաշտոնակից Էլիաս Բու Սաաբի հետ այսօրվա մամուլի ասուլիսին անդրադարձավ ադրբեջանական կողմի՝ օրերս արած առաջարկին՝ փոխանակել գերիներին և պատանդներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

«Չեմ բացառում, բայց դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»,- ընդգծեց Տոնոյանը, անդրադառնալով Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի առաջարկին։

Տոնոյանը տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, և իրեն պաշտոնապես փոխանցվել է ադրբեջանական կողմի առաջարկը։

«Կան քննարկման ենթակա որոշ խնդիրներ, որոնք բացահայտել չեմ կարող։ Հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկատվության ճշգրտման համար, և երբ ստանանք այդ ճշգրտված տեղեկությունը Ադրբեջանից, կարձագանքենք։ Մենք սկզբունքորեն դեմ չենք ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները և աջակցելու ենք այդ գործընթացին»,- հայտարարեց ՀՀ ՊՆ ղեկավարը։

Փոխանակման մասին ճշգրտող հարցին ի պատասխան՝ Տոնոյանը նշեց․ «Մենք երբևիցե փոխանակման ճանապարհով չենք․․․, սա մաքուր հումանիտար գործողություն է։ Եվ ես տեսնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Ադրբեջանի քաղաքացիների կամ այլ երկրի քաղաքացիների, որոնք գտնվում են հիմա Լեռնային Ղարաբաղում, տարանջատում։

Ես փոխանակման դիտանկյունից չեմ դիտարկում, և դա ճիշտ մոտեցում չէ առնվազն պաշտպանության նախարարի կողմից։ Ես աշխատում եմ, որպեսզի վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան»,- եզրափակեց պաշտպանության նախարարը։

«Չեմ բացառում, բայց դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»,-

***

Ադրբեջանն օրերս առաջարկել է Հայաստանին փոխանակել գերիներին ու պատանդներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և ապագայում վերադարձնել գերիներին ու պատանդներին, ինչպես նաև զոհվածների դիերը երեք օրվա ընթացքում՝ միջազգային կազմակերպությունների միջնորդությամբ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել