Դատարանը մերժեց Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց  ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը։ 

Սեպտեմբերի 17-ին պաշտպանները միջնորդել էին Քոչարյանի հանդեպ կիրառել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կամ գրավ։ Գրավի սահմանաչափը թողել էին դատարանի որոշմանը։ Քոչարյանի պաշտպանների միջնորդությանը միացել էին նաև քրեական գործով անցնող մյուս նախկին պաշտոնատար անձանց փաստաբանները, իսկ մեղադրող կողմը առարկել էր՝ պնդելով, որ ազատության մեջ գտնվելով նա կարող է ազդել դատաքննության ընթացքի վրա։

Քիչ առաջ՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից, դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու հիմքով։

Սեպտեմբերի 7-ին Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ հիմք ընդունելով Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը։ Այս միջնորդությունը ևս մերժվել էր սեպտեմբերի 17-ին։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը մինչ օրս այդպես էլ քննության չի առնվել։ 

Գևորգ Թոսունյան