Փաշինյանը շնորհավորանքներ է ստացել Պուտինից, Թրամփից, այլ առաջնորդներից

Անկախության տոնի առթիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից և այլ երկրների ղեկավարներից։

Պուտինի ուղերձում ասվում է․

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ ընդծում ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկկողմ կառուցողական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, համահունչ է կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը:

Հարգելի Նիկոլ Վովայի,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

Թրամփի ուղերձում ասվում է․

«Մեծարգո վարչապետ,

Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։

Միացյալ Նահանգները ողջունում է մեր երկրների սերտ համագործակցությունը և ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին միտված Ձեր կառավարության հանձնառությունը։ Մենք զորավիգ ենք իրավունքի գերակայությունը հարգող կոռուպցիայից զերծ ժողովրդավարական երկրում ապրելու հայ ժողովրդի ցանկությանը, որն արտահայտվեց անցած տարի Հայաստանով մեկ տեղի ունեցած խաղաղ գործողությունների ընթացքում։ Մենք ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը։

Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև արդեն իսկ առկա գործընկերությունը առաջիկա տարիներին նոր թափ կստանա։ Ընդունեք իմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն այս կարևոր տոնի առթիվ»։

***

Փաշինյանին շնորհավորել են նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Քեցիանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Մուստաֆա Մադբուլին, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը, Ոկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը։ 

Փաշինյանը շնորհավորանքներ է ստացել նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներից։

Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի կայք