Քաջազնունուց՝ Փաշինյան․ Հայաստանի առաջնորդները՝ Միացյալ Նահանգներում

Հայաստանի Հանրապետության առաջնորդներից առաջինը, որն այցելել է Միացյալ Նահանգներ, եղել է Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին։ 1919-ի փետրվարին նա հրաժարվեց վարչապետի պաշտոնից և մեկնեց Եվրոպա ու Ամերիկա՝ սովահար հայ ժողովրդին ալյուր և այլ անհրաժեշտ սնունդ ապահովելու առաքելությամբ։

1919-ին Հայաստանը Ամերիկայից ստացել է 1 միլիոն 295 հազար 243 փութ ալյուր (մեկ փութը՝ 16,4 կիլոգրամ), 256 հազար 758 փութ ցորեն, 125 հազար փութ լոբի, 68 հազար 563 փութ բրինձ, 20 հազար փութ կորեկ, 8 հազար փութ եգիպտացորեն, 10 հազար 738 փութ վարսակ, 5 միլիոն 950 հազար տուփ խտացրած կաթ, 12 հազար փութ կակաո, 44 հազար փութ շաքար, 5 հազար փութ ճարպ, հազար հինգ հարյուր փութ թեյ։

Ամերիկյան սնունդը փրկություն էր Հայաստանի համար, այլապես սովից ու հիվանդություններից մահվան թվերը կլինեին ավելի սահմռկեցուցիչ։ 1918-1919 թթ․ ՀՀ-ում մահացել է 180 հազար մարդ՝ ամեն հինգերորդ բնակիչը։

Խորհրդային Հայաստանի վերջին տարիներից վերսկսվեցին հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումները։ Խորհրդային Հայաստանի խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի վերջին նախագահ և հանրապետության փաստացի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը 1990-ի սեպտեմբերին եղավ Միացյալ Նահանգներում, իսկ մեկ տարի անց՝ 1991-ի նոյեմբերի 14-ին, արդեն որպես երկրի առաջին և ընտրված նախագահ, երդմնակալության արարողությունից 3 օր անց, արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ուղևորվեց Վաշինգտոն և Սպիտակ տանն արժանացավ Ջորջ Բուշ Ավագի ընդունելությանը։

Տեր-Պետրոսյանի՝ Միացյալ Նահանգներ երկրորդ, արդեն պաշտոնական այցը տեղի ունեցավ 1994թ. օգոստոսին: Սպիտակ տան օվալաձև դահլիճում նրան ընդունեց Բիլ Քլինթոնը: Սա համարվում է ամենաբարձր մակարդակով կազմակերպված այցը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես երկու անգամ ընդունելության է արժանացել Սպիտակ տանը. առաջինը 1999թ. ապրիլին, երկրորդը՝ 2001թ. ապրիլին՝ Քի Վեսթից Հայաստան վերադարձի ճանապարհին:

Սերժ Սարգսյանը իր նախագահության 10 տարիներին 8 անգամ այցելել է ԱՄՆ, սակայն նրան չի հաջողվել ընդունելության արժանանալ Սպիտակ տանը: Սարգսյանը երկու կարճ հանդիպում է ունեցել Բարաք Օբամայի և մեկ կարճ հանդիպում ու համապատասխան լուսանկարներ Դոնալդ Թրամփի հետ: 2015-ի սեպտեմբերին Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել էր Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը: 2017-ի սեպտեմբերի 19-ի երեկոյան Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:

Հայաստանի չորրորդ առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս պաշտոնական այցով չի եղել ԱՄՆ-ում և չի ընդունվել Սպիտակ տանը։ 2018-ի սեպտեմբերին Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը:

Մինչ այդ, 2018-ի հուլիսին Փաշինյանը Բրյուսելում, ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին հանդիպման ընթացքում, շփվելու հնարավորություն է ունեցել Թրամփի հետ։

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել