Վայոց ձորի մարզպետը վայր է դնում լիազորությունները

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարել է լիազորությունները վայր դնելու իր որոշման մասին։

«Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․

Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։

Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։

Ինձ համար մեծագույն պատիվ էր հեղափոխական թիմի կազմում պաշտոնավարել իմ հայրենի Վայոց ձորի նման յուրօրինակ մարզում, ամեն օր շփվել ու աշխատել հպարտ, աշխատասեր, կյանքի նկատմամբ սիրով ու ապագայի հանդեպ հավատով լցված վայոցձորցիների հետ։

Այս պատասխանատու շրջանում ինձ ընձեռված վստահության համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և իմ քաղաքական թիմին։

Հայաստանի Հանրապետությանը և Վայոց ձորի մարզին իրենց պատրաստակամ և քրտնաջան ծառայության համար շնորհակալություն եմ հայտնում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին։ Այս կարճ ժամանակահատվածում մենք միասին կարողացանք Վայոց ձորի համար իրականացնել համայնքային ու մարզային նշանակության կարևոր ու կենսունակ ծրագրեր։ Ես վստահ եմ, որ Վայոց ձորում աշխատանքները շարունակվելու են ու վայոցձորցիների կյանքն օրեցօր բարելավվելու է։

Ծառայել և ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։

Աղոթում եմ Արա Մխիթարյանի ապաքինման համար»,- գրել է Տրդատ Սարգսյանը:

Սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքն ստացել է սեպտեմբերի 17-ին ժամը 23:40-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991 թվականին, բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել: Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Լուսանկարում Տրդատ Սարգսյանը՝ կենտրոնում

Մեկնաբանել