Վարչապետը չի կարող մարդ ուղարկել որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի․ Ավինյան

Ես իմ լիազորություններից ելնելով՝ այս խնդրի հետ կապված որևէ ավելացնելու բան չունեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածին․ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ հակասություններ կան Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի միջև:

«Կարող եմ ասել, որ ցավով եմ հետևում պարոն Վանեցյանի հայտարարությունների շարքին: Կարծում եմ՝ պետական պաշտոնյան, նույնիսկ պաշտոնից հեռանալուց հետո չպետք է նման ձևով հեռանա և նման հայտարարություններ անի: Պաշտոնանկությունից հետո նմանատիպ հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել: Նման ձևով հեռացումն ինձ համար անհասկանալի է և անընդունելի: Ես չէի համաձայնի պնդմանը, թե դա որևէ մտահոգության արտահայտման ձևաչափ էր: Իմ տպավորությունը մի փոքր այլ է»,- ասաց Ավինյանը:

Մեկնաբանելով Արթուր Վանեցյանի պնդումը, թե վարչապետը «մարդիկ է ուղարկում իր մոտ, որ ինքը չխոսի, որ վարչապետը խախտում է պայմանավորվածությունը», Ավինյանը նշեց. «Ճանաչելով վարչապետին՝ կարող եմ ասել, որ նա երբեք այդպիսի մեթոդներով չի առաջնրդվել: Նա չի կարող մարդ ուղարկի որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի: Դա իր մեթոդը չի, իր գործելաոճը չի: Ես չգիտեմ՝ պարոն Վանեցյանն ինչի մասին է խոսում, բայց 2018-ի թավշյա հեղափոխության ընթացքում կատարված բոլոր երևույթները եղել են բոլորի առչքի առաջ, եղել է թափանցիկ, որևէ ստվերային գործարք չի եղել և չէր կարող լինել»:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրենի խոսքերին, թե իր հրաժարականը թող «կանգ առի» ազդանշան լինի, փոխվարչապետն ասաց․ «Պարոն Վանեցյանը կարծես հաջորդ օրվա իր հարցազրույցում միանշանակ լավ չէր հիշում, թե այդ տեքստում ինչ է գրված, հետևաբար, երևի թե չմեկնաբանեմ»:

Ավինյանը հավելեց, որ թե Վանեցյանի, թե նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի պաշտոնից հեռացումները վարչապետի որոշմամբ են եղել:

Փոխվարչապետը ձեռնպահ մնաց Վանեցյանի կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնը թողնելու մասին հարցը մեկնաբանելուց։

Կարդացե՛ք՝

Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում․ Վանեցյանը արձագանքել է Փաշինյանին

Որևէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին զբաղվելու եմ միայն ֆուտբոլով․ Արթուր Վանեցյան