Ես իմ լիազորություններից ելնելով՝ այս խնդրի հետ կապված որևէ ավելացնելու բան չունեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածին․ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ հակասություններ կան Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի միջև:
«Կարող եմ ասել, որ ցավով եմ հետևում պարոն Վանեցյանի հայտարարությունների շարքին: Կարծում եմ՝ պետական պաշտոնյան, նույնիսկ պաշտոնից հեռանալուց հետո չպետք է նման ձևով հեռանա և նման հայտարարություններ անի: Պաշտոնանկությունից հետո նմանատիպ հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել: Նման ձևով հեռացումն ինձ համար անհասկանալի է և անընդունելի: Ես չէի համաձայնի պնդմանը, թե դա որևէ մտահոգության արտահայտման ձևաչափ էր: Իմ տպավորությունը մի փոքր այլ է»,- ասաց Ավինյանը:
Մեկնաբանելով Արթուր Վանեցյանի պնդումը, թե վարչապետը «մարդիկ է ուղարկում իր մոտ, որ ինքը չխոսի, որ վարչապետը խախտում է պայմանավորվածությունը», Ավինյանը նշեց. «Ճանաչելով վարչապետին՝ կարող եմ ասել, որ նա երբեք այդպիսի մեթոդներով չի առաջնրդվել: Նա չի կարող մարդ ուղարկի որևէ մեկի մոտ, որ որևէ մեկին լռեցնի: Դա իր մեթոդը չի, իր գործելաոճը չի: Ես չգիտեմ՝ պարոն Վանեցյանն ինչի մասին է խոսում, բայց 2018-ի թավշյա հեղափոխության ընթացքում կատարված բոլոր երևույթները եղել են բոլորի առչքի առաջ, եղել է թափանցիկ, որևէ ստվերային գործարք չի եղել և չէր կարող լինել»:
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրենի խոսքերին, թե իր հրաժարականը թող «կանգ առի» ազդանշան լինի, փոխվարչապետն ասաց․ «Պարոն Վանեցյանը կարծես հաջորդ օրվա իր հարցազրույցում միանշանակ լավ չէր հիշում, թե այդ տեքստում ինչ է գրված, հետևաբար, երևի թե չմեկնաբանեմ»:
Ավինյանը հավելեց, որ թե Վանեցյանի, թե նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի պաշտոնից հեռացումները վարչապետի որոշմամբ են եղել:
Փոխվարչապետը ձեռնպահ մնաց Վանեցյանի կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնը թողնելու մասին հարցը մեկնաբանելուց։
Կարդացե՛ք՝
Ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում․ Վանեցյանը արձագանքել է Փաշինյանին
Որևէ բան բացառել պետք չէ, բայց այս պահին զբաղվելու եմ միայն ֆուտբոլով․ Արթուր Վանեցյան