Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը բարձրացվելու է վեց անգամ

2020 թվականից սկսած մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր․ այս մասին սեպտեմբերի 23-ի Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այսպիսով, 2020 թվականից.

1. Վեց անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ։

2. Երկու անգամ բարձրացնելու ենք երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից այն հասցնելով մինչև 300 հազար դրամ։ Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։

3. Շուրջ 41 տոկոսով բարձրացնելու ենք աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը՝ 18 000 դրամից այն հասցնելով 25 500 դրամի։

4. Գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նոր նպաստի տեսակ ենք մտցնելու. մինչև երեխայի երկու տարեկան լրանալը մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ:

5. Աշխատանք ենք տանելու «մանկապարտեզի հերթ» կոչված արատավոր երևույթը փուլային եղանակով վերացնելու ուղղությամբ։ Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում ունենալու ենք երկարօրյա խնամքի և ուսման ծառայությունների ընդլայնում, մասնավորապես՝ համավճարի տարբերակով կազմակերպելու ենք խնամք ժամը 08:30-ից մինչև 19:00-ն: Արդյունքում աշխատող ծնողը հնարավորություն պետք է ունենա իր բնակավայրին կամ աշխատատեղին մոտ նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իր երեխայի խնամքը կազմակերպել:

6. Ամենակարևոր դրույթներից մեկը, իհարկե, երիտասարդ ու երեխա ունեցող ընտանիքների բնակարանային կարիքները բավարարելու ծրագրերն են և 2020 թվականը մեկնարկելու ենք հավակնոտ ծրագրերով, որոնց շրջանակներում երեխայի ծնունդով պայմանավորված հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում: Նախնական ծրագրի բյուջեն կկազմի մոտավորապես 500 մլն. դրամ, բայց սկզբի համար, կարծում եմ, սա ավելի քան բավարար կլինի: Զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն մարզային բնակավայրերում նպատակային բնակարանաշինական ծրագրերով, որով Քաղաքաշինության կոմիտեն արդեն զբաղվում է»,- նշվում է պաշտոնական հաղորդագրությունում։

***

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019-ի առաջին կիսամյակում ծնվածները կազմել են 16 111 մարդ կամ 0,9 տոկոսով պակաս 2018-ի նույն ժամանակի ցուցանիշից, 6,2 տոկոսով էլ պակաս 2017-ի նույն ժամանակի ցուցանիշից։
Ամբողջ 2018-ին ծնվածները կազմել են 36 502։

Ժողովրդագրության բարելավման ճանապարհին ո՞րը պետք է լինի իշխանությունների առաջնահերթ քայլը։ Սիվիլնեթի յութուբյան հարցման արդյունքների համաձայն՝

Գործազրկության կրճատումը՝ 71%

Կրթության, առողջապահության հասանելիության ընդլայնումը՝ 15%

Հիփոթեկային վարկերի պայմանների բարելավումը՝ 6%

Մսուրային տարիքի երեխաների անվճար խնամքի կենտրոնների հիմնումը՝ 4%

Այլ (նշել մեկնաբանության մեջ)՝ 4%

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել