Ռուստամ Բադասյանը չի տեսնում որևէ ճնշում Սահմանադրական դատարանի վրա

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջազգային գիտագործնական գիտաժողովի շրջանակներից դուրս լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ։

Նա նախ անդրադարձավ քրեական հեղինակությունների դեմ պայքարի օրենսդրական նախագծին, որը կառավարությունը հաստատեց օգոստոսի 29-ին։ Նախարարի խոսքով՝ իրավապահ մարմիններն ինքնուրույն պետք է գնահատեն, թե ովքեր են քրեական հեղինակությունները կամ «օրենքով գողերը»։

«Նախագծում քրեական աստիճանակարգության բարձրագույն անձ հասկացություն կա, այնտեղ չկա «օրենքով գող» որակումը։ Կա հանրորեն վտանգավոր արարքների խումբ, մենք խնդիր ունենք այդ արարքների բացահայտման տեսանկյունից։ Մենք մշակել ենք քաղաքականություն, իրավապահ մարմինները պետք է իրենց տեսադաշտում պահեն։ Ես վստահ եմ, որ իրենք ողջ բազան շատ լավ ունեն, թե ով է «օրենքով գողն» ու ինչ կարգավիճակ ունի»,- ասաց Ռուստամ Բադասյանը։

Խոսելով քրեակատարողական համակարգում վերոնշյալ նախագծի հաստատումից հետո առաջացած լարվածությունից՝ Բադասյանը բոլորին կոչ արեց քրեակատարողական օրենսդրությանը հետևել. «Կլինեն օրինախախտումներ, կլինեն նաև համաչափ գործողություններ»,- ասաց Բադասյանը։

Սահմանադրական դատարանի նկատմանբ Ռուստամ Բադասյանը որևէ ճնշում չի տեսնում․ այս մասին նա հայտարարեց՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին։

«ԱԺ-ն Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն է իրականացնում»,- կարճ արձագանքեց նախարարը։

Լրագրողները հարց ուղղեցին նաև 27 տարի վաղեմության իրավախախտումների բացահայտման գաղափարի մասին, որը նախարարությունը պատրաստվում է նախագծի տեսքով շրջանառել։

«Դա որոշակի գնահատական է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, մենք անցյալ չենք գնում ամենևին։ Փաստահավաք խումբը ընդամենը փաստերն է վեր հանելու, դրա շրջանակներում տալու է որոշակի գնահատական և ամենակարևորը՝ բացառելու է նման մեխանիզմների կիրառումը ապագայում»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ փաստահավաք խումբը որևէ անձի պատասխանատվության չի կանչելու, եթե չլինեն հանցագործության մասին վկայող ակնհայտ տեղեկություններ. «Մենք անցյալի սխալները փորձում ենք բացառել ապագայում։ Եթե մենք հայտնաբերենք որոշակի կոռուպցիոն մեխանիզմ, որն աշխատել է օրինակ դատական համակարգում, մենք պետք է սահմանենք մոնիթորինգի մեխանիզմ, որպեսզի նույն կոռուպցիոն մեխանիզմը չկիրառվի դատական համակարգում ապագայում»։

Լրագրողների հետ զրույցում Բադասյանը նաև խոսեց դատավորների նկատմամբ նախարարության կարգապահական վարույթներից. «Երկու դատավորների մասով ներկայացվել է Բարձրագույն դատական խորհրդին։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե կա մոտեցում, որ ամենավատ համակարգը դատականն է, այն ամենակոռումպացվածն է և այլն, ես ուզում եմ ցրել այդ կասկածներն ու տպավորությունը. դատական համակարգն ունի նույնքան խնդիր, որքան ունեն այլ պետական մարմինները կամ կարող են ունենալ։ Որևէ տրամադրվածություն դատավորների նկատմամբ, որ կենտրոնանալու ենք ու պատժիչ միջոցներ իրականացնենք, չի լինելու»,- ընդգծեց Ռուստամ Բադասյանը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել