Թրամփի հնարավոր իմփիչմենթը․ ինչպիսի՞ն է ընթացակարգը 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախագահ Թրամփի պաշտոնանկության՝ իմփիչմենթի գործընթաց է սկսում։ BBC-ի ռուսական ծառայության հրապարակած հոդվածը պատմում է իմփիչմենթի, դրա ընթացակարգերի, անցյալի նախադեպերի և հաջողության հասնելու հնարավորությունների մասին։

Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ կոնգրեսի խոսնակ,դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատը պատրաստ է սկսել նախագահ Թրամփի իմփիչմենթի «պաշտոնական» գործընթացը։ Պատճառն է դարձել Սպիտակ տան ղեկավարի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու՝ հուլիսի 25-ին ունեցած հեռախոսային խոսակցությունը։

Զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահը, ըստ լուրերի, Ուկրաինայի իշխանություններից պահանջել է 2020-ի ընտրություններին իր հնարավոր մրցակցի՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին նկատմամբ հետաքննություն սկսել։ Հայտնի է դարձել նաև, որ նա Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը ուշացրել է մոտ երկու ամսով։

ԱՄՆ նախագահի դեմ իմփիչմենթ հայտարարում է Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնությունն այսօր պատկանում է դեմոկրատներին։ Սակայն վերջին խոսքը հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատինն է։

BBC-ի ռուսական ծառայությունը պարզել է, թե ինչ խնդիրների են ստիպված բախվել Դոնալդ Թրամփի իմփիչմենթի համախոհները։

Ի՞նչ է իմփիչմենթը

ԱՄՆ սահմանադրությունը Կոնգրեսին իրավունք է տալիս իշխանությունից հեռացնել գործող նախագահին, եթե օրենսդիրները որոշեն, որ պետության առաջնորդը «դավաճանություն է գործել, ակնհայտ է դարձել կաշառակերության կամ ծանր այլ հանցագործությունների ու օրինախախտումների դեպք»։

ԱՄՆ պատմության մեջ իմփիչմենթի գործընթաց սկսվել է երեք անգամ։ 1868-ին Կոնգրեսը փորձեց իշխանությունից հեռացնել նախագահ Էնդրյու Ջոնսին, իսկ 1998-ին գործընթաց սկսվեց Բիլ Քլինթոնի դեմ։ Սակայն Սենատը ավելի ուշ արգելափակեց այդ երկու նախաձեռնությունները, և քաղաքական գործիչները պահպանեցին նախագահական աթոռը։

1974-ին Ռիչարդ Նիքսոնը իմփիչմենթի սպառնալիքի պատճառով կամավոր լքեց իր պաշտոնը՝ չսպասելով Կոնգրեսի որոշմանը։

Ի՞նչն է համարվում հանցագործություն

ԱՄՆ սահմանադրության հեղինակները շատ լավ են ուսումնասիրել այդ հասկացությունը՝ թույլատրելով, որ պաշտոնանկության գործընթացի առիթ դառնա ոչ միայն ֆորմալ օրինախախտումը, այլև նախագահի կողմից ծառայողական դիրքը անձնական գործերում օգտագործելը։

Բիլ Քլինթոնի դեպքում, օրինակ, գործընթացն սկսելու առիթը դարձան ոչ թե Սպիտակ տանը փորձաշրջան անցնող Մոնիկա Լևինսկու հետ ունեցած հարաբերությունները, այլ այն, որ ԱՄՆ նախագահը այդ հարաբերությունների մասին երդման մեջ ստել էր։

Ինչպես 1788-ին իր աշխատանքներից մեկում հստակեցրել է ԱՄՆ հիմնադիր հայրերից Ալեքսանդր Համիլթոնը, իմփիչմենթի առիթ կարող է դառնալ «հանրային վստահության օգտագործումը կամ չարաշահումը», եթե դա արվել է քաղաքական նպատակներով։

Ինչպե՞ս է անցնում իմփիչմենթի գործընթացը

Ներկայում Ներկայացուցիչների պալատի վեց տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչներ իրենց սեփական հետաքննությունն են անցկացնում Դոնալդ Թրամփի և նրա առևտրային ձեռնարկությունների դեմ։

Սրանից առաջ՝ Բիլ Քլինթոնի և Ռիչարդ Նիքսոնի դեպքում, իմփիչմենթի նախաձեռնողն է եղել Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովը, որը հետաքննություն անցկացնելուց հետո Պալատի ամբողջ կազմին առաջարկել է կողմ քվեարկել պետության առաջնորդի պաշտոնանկությանը։

Օրենքը նաև թույլ է տալիս Կոնգրեսին հատուկ հանձնաժողով կազմել, որը կքննի նախագահին ուղղված մեղադրանքները։

Երբ Կոնգրեսի հանձնաժողովները իրենց կարծիքով բավականաչափ ապացույցներ են հավաքում, առաջարկում են Պալատի ամբողջ կազմին կողմ քվեարկել իմփիչմենթին։ Այդ որոշումը կայացնելու համար պարզապես բավական է Պալատի մեծամասնությունը։

Ապա այդ մեղադրանքները պետք է քննի Սենատը՝ իսկական դատական նիստ հիշեցնող լսումների ժամանակ։ Լսումները նախագահում է ԱՄՆ Բարձրագույն դատարանի ղեկավարը․ նրա պարտականությունների մեջ է մտնում հետևել այն գործընթացի պահպանմանը, որը, ի դեպ, իրենց հայեցողությամբ սահմանում են հենց սենատորները։

Ներկայացուցիչների պալատի անդամներից կազմված խումբը լսումներին ներկայանում է որպես մեղադրող կողմ, նախագահին պաշտպանում են նրա անձնական փաստաբանները, իսկ սենատորները խաղում են դատավորի դեր։

Եթե սենատորների երկու երրորդը նախագահին մեղավոր համարի, ապա իմփիչմենթը համարվում է կայացած, պետության առաջնորդը թողնում է պաշտոնը, իսկ նրա տեղը գրավում է ԱՄՆ փոխնախագահը։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ նման նախադեպ Միացյալ Նահանգների պատմության մեջ դեռ չի եղել։

Օրենսդիր մարմնի քանի՞ անդամ է կողմ իմփիչմենթին

Նախագահ Թրամփի իմփիչմենթի կողմնակիցների թիվը Կապիտոլիումի բլրում աճում է, սակայն դեռ դժվար է խոսել այն մասին, որ նրանք մեծամասնություն ունեն։ Կոնգրեսի ստորին պալատն ընդհանուր 435 անդամ ունի։ New York Times թերթի տվյալներով՝ գործող նախագահի իմփիչմենթին աջակցում է 179-ը, 73-ը դեմ է հանդես եկել, իսկ Կոնգրեսի 183 անդամ դեռ դիրքորոշում չի հայտնել։

Ընդ որում, ԱՄՆ սահմանադրությունը չի պարտավորեցնում «դատական նիստ» անցկացնել՝ Սենատի կուսակցական մեծամասնության առաջնորդին թույլ տալով (իսկ հիմա մեծամասնությունը հանրապետականներինն է) պարզապես հրաժարվել նման լսումներ անցկացնելուց։

Նա նաև կարող է քվեարկություն անցկացնել, որի ընթացքում իմփիչմենթի մասին Կոնգրեսի որոշումը կարող է մերժվել՝ առանց օրենսդիրների հավաքած ապացույցները դիտարկելու։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի

Մեկնաբանել