Քիմ Քարդաշյանը մտադիր է Հայաստանում աշխատատեղեր ստեղծել

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Թվիթերում գրառում է արել Հայաստան իր առաջիկա այցի մասին։

«Առաջիկա երկու շաբաթներին կայցելեմ Հայաստան և հույս ունեմ առևտուրը մեծացնելու և հայերի համար նոր աշխատատեղեր ստեղծելու ուղիներ գտնել, ինչը կարող է ներառել ապագայում այնտեղ SKIMS-ի արտադրությունը»,- գրել է նա։

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Քարդաշյանին՝ Հայաստանը SKIMS-ի նոր արտադրատեղի դիտարկելու համար, ինչին Քարդաշյանը պատասխանել է․

«Շնորհակալ եմ։ Ես տքնաջան աշխատել եմ այդ ուղղությամբ և հույս ունեմ, որ Հայաստան այցս կբերի հրաշալի նորություններ, քանի որ մեծ ծրագրեր ունեմ»։

Քարդաշյանը անդրադարձել է նաև Թուրքիայում SKIMS ապրանքանիշի արտադրություն հիմնելու իր ծրագրերին․ «Մենք դատապարտում ենք անցյալի վրա հիմնված ամեն տեսակի խտրականություն՝ ինչ-որ մեկի կամ ինչ-որ ազգի նկատմամբ»։

Քիմ Քարդաշյանը մասնակցելու է WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։ Միջոցառումն այս տարի տեղի է ունենալու Երևանում՝հոկտեմբերի 6-9-ին։

Կարդացե՛ք նաև՝ Քիմ Քարդաշյանը Երևանում կմասնակցի WCIT-2019 համաժողովին

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել