Արցախի ընդդիմադիր պատգամավորը առաջարկում է ԱԺ խոսնակին նշանակել «կոռեկտոր-մոնտաժող»

Արցախի ընդդիմադիր «Ազգային Վերածնունդ» կուսակցությունը դիմել է գործընկեր խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին՝ խնդրելով նրանց միջնորդությունը Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին նշանակելու ԱԺ «կոռեկտոր-մոնտաժող»։

Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության՝ Արցախի հանրային հեռուստատեսությունը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի տված հարցը մոնտաժել է և կտրել կոնտեքստից։

«2019թ. սեպտեմբերի 26-ին ԱԺ նիստի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայկ Խանումյանի տված հարցը Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակվել է մոնտաժված տարբերակով, ինչից պարզ չի դառնում հարցի էությունը: Սովորաբար կառավարության հետ հարցուպատասխանը հեռարձակվում է առանց մոնտաժվելու: ԱԺ աշխատակազմից պարզաբանել են, որ Խանումյանի խոսքը հարցուպատասխանի ժամանակ մոնտաժվել է միայն կոռեկտության կանոնները պահելու միտումով:

Հայկ Խանումյանի հարցը խոշտանգումների մեջ մեղադրվող բարձրաստիճան ոստիկանին Ոստիկանության համակարգում վերանշանակելու մասին էր: Պատգամավորը հիշեցնում է, որ այդ ոստիկանի մասին ԱԺ քննիչ հանձնաժողովը բազմաթիվ հաղորդումներ էր ստացել ձերբակալված և կալանավորված անձանց խոշտանգելու վերաբերյալ: Խանումյանը հարց էր ուղղել, արդյոք նրան նշանակելով ոստիկանապետ թքած ունի ԱԺ կարծիքի վրա: Ահա այս մասն էլ հիմնականում կրճատվել էր, իսկ ԱԺ նախագահն այն համարել էր «ոչ կոռեկտ»»,- նշվում է «Ազգային Վերածնունդ» կուսակցության հաղորդագրությունում:

Այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել նաև Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը՝ նշելով, որ «պատգամավորի խոսքից հանվել է միայն «թքած ունենալ» բառերը՝ ելնելով կոռեկտության միտումից»:

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել