Քոչարյանի գործը առանցքային է Պուտինի համար․ Էմիլ Սանամյան

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի գիտաշխատող, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Էմիլ Սանամյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ քննարկում է Հայաստանի ներաքաղաքական իրավիճակը, Արցախի հարցը, հայ-ռուսական հարաբերությունները և այլ հարցեր։

– Ինչպե՞ս եք այսօր տեսնում իրավիճակը Հայաստանում՝ բոլոր այս քրեական գործերը նախկին պաշտոնյաների դեմ, հրաժարականները, սենսացիոն հայտարարությունները։ Մենք հաճախ ենք լսում, որ այդ գործերը քաղաքական պատվեր են, որ իրականում քաղաքական հետապնդում են, այլ ոչ թե արդարադատություն։ Ի՞նչ եք Դուք կարծում։

– Յուրաքանչյուր դեպք հարկավոր է առանձին դիտարկել: Բոլոր հիմնական իրադարձությունները, բոլոր հիմնական դատական գործընթացները, Ամուլսարի բացել-չբացելու հարցը, Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականները և վերջինը՝ Գագիկ Խաչատրյանի անակնկալ ձերբակալումը և նախկին ոստիկանների և պաշտպանության նախկին նախարարի դեմ գործը՝ բոլորը փոխկապակցված են, իմ կարծիքով, այսինքն՝ կառավարությունը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, նախկինի պես ինչ-որ անհարմարություն է զգում վարչապետի իր դերում, նրան թվում է՝ իր շուրջ դավադրություններ կան և որ բյուրոկրատիան պատրաստ չէ իր հետ  աշխատել։ Ինչ-որ առումով սա նման է Դոնալդ Թրամփի դեպքին, որը նույնպես քաղաքական համակարգ եկավ դրսից և մինչև օրս իր տեղը չի գտել այդ համակարգում։ Հենց այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը գերզգայուն է հասարակական կարծիքի հանդեպ, հատկապես այն ակտիվիստների կարծիքի հանդեպ, որոնք մասնակցել են 2018-ի իրադարձություններին և հիմա պայքարում են Ամուլսարի համար։ Եվ այս գործերը ինչ-որ առումով փոխհատուցում են Ամուլսարի համար, նախկին պաշտոնյաների դեմ նոր գործեր, որպեսզի ցուց տա, որ Ամուլսարի հարցում գնում է զիջման, բայց մյուս հարցերում նախկինի պես սկզբունքային է։ Վանեցյանի հրաժարականը, իմ կարծիքով, կապված էր այն բանի հետ, որ նա որոշակի պարտավորություններ էր ստանձնել որոշ մարդկանց առաջ, որպեսզի պաշտպանի Նիկոլ Փաշինյանից։ Նրա հրաժարականից հետո սկսվեցին այդ գործընթացները նախկին պաշտոնյաների դեմ։ Այդ գործընթացը շարունակվում է։ Փաշինյանը փորձում է պահել հանրության տրամադրությունները իր օգտին։

– Այսինքն՝ Դուք չե՞ք դիտարկում այս գործընթացները կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում։ Եվ ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում կառավարության բարեփոխումների գործընթացը, բարեփոխումներ կա՞ն։

– Ես ոչ մի բարեփոխում չեմ տեսնում։ Կան օրենսդրական բարեփոխումներ անելու փորձեր, սակայն կոռուպցիայի դեմ պայքարը ներկայի՛ս կառավարության ներսում կոռուպցիայի դեմ պայքար է։ Այն ամենն, ինչ տեղի է ունենում այսօր նախկին կառավարության հետ, որն այլևս իշխանության չէ, չունի գողանալու, անարդար բաշխելու հնարավորություն, երկրորդական հարց է։ Նախկին կառավարության հետ կապված բոլոր հարցերը մշտապես կլինեն քաղաքականացված։

Բնականաբար, բոլորին հայտնի է, որ Հայաստանում միշտ եղել է կոռուպցիա։ Հայաստանի պատմության մեջ չի եղել շրջան, երբ կոռուպցիա չի եղել։ Այսինքն՝ յուրաքանչյուր շրջան, յուրաքանչյուր պաշտոնատար անձի կարելի է կապել որևէ գործի հետ։ 

Սակայն, երբ սկսվում են գործեր, ինչպիսին է օրինակ՝ Վիգեն Սարգսյանի դեմ գործը, թե նա ինչ-որ բնակարաններ է հերթից դուրս կամ սխալ որոշմամբ բաժանել, իսկ Վիգեն Սարգսյանը Հայաստանի կուսակցություններից մեկի առաջնորդ է, չորրորդ խոշորագույն կուսակցության, ապա, բնականաբար, սա քաղաքական գործ է, և այլ կերպ լինել չի կարող։

– Ի՞նչ եք կարծում՝ կառավարությունը և հենց Նիկոլ Փաշինյանը կորցնո՞ւմ է ժողովրդականությունը, և կա՞ արդյոք նախկին ուժերի ռևանշի վտանգ։

Յուրաքանչյուր կառավարություն, բնականաբար, սկսում է կորցնել ժողովրդականությունը իշխանության գալու առաջին օրվանից, և մանավանդ Նիկոլ Փաշինյանը, որը մեծ վարկանիշով է եկել իշխանության՝ 70-80 տոկոս, այդպիսի մակարդակում հնարավոր չէ երկար մնալ։ Դա բնական գործընթաց է։ Հարցն այն է, թե որն է այլընտրանքը։ Երկար տարիներ մենք չէինք հասկանում, թե ինչպես է ցածր վարկանիշ ունեցող Հանրապետական կուսակցությունը հաղթում բոլոր ընտրություններում և մնում իշխանության ղեկին։ Պատճառն այն է, որ մարդկանց հիմնական մասը այլընտրանք չէր տեսնում։ Հիմա, կարծում եմ, շատ մարդիկ Նիկոլ Փաշինյանին այլընտրանք չեն տեսնում։ Բայց փոխվել է համակարգը։ Այսօր Ազգային ժողովն է որոշում՝ ով է ղեկավարելու Հայաստանը։ Եթե մի քանի ամիս անց այս մարդիկ որոշեն Նիկոլ Փաշինյանին փոխարինել մեկ ուրիշով, նրանք կարող են դա անել։ Ես նկատի ունեմ՝ տեսականորեն։ Այսինքն՝ դա այն է, ինչ փոխվել է Հայաստանում վերջին տարիներին։

Եթե խոսենք ռևանշի մասին, ապա դա կապված է խորհրդարանականների հետ։ Կգտնվե՞ն 60-ից ավելի պատգամավորներ, որոնք կքվեարկեն Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կամ նախկիններից մեկ ուրիշի օգտին։ Ես կասկածում եմ, քանի որ խորհրդարանում գտնվողների հիմնական մասը ամեն դեպքում ընդդիմադիրներ էին, այսինքն՝ այդ մարդկանց հակառակորդներն են։ Եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, չի լինի իշխանության անցում նախկիններին։ Ավելի շուտ դա կլինի մեկը, ով կփորձի անել վարչապետի գործն ավելի լավ, քան Նիկոլ Փաշինյանը։

– Խոսենք Ղարաբաղյան հարցի մասին։ Մենք գիտենք, որ նոր կառավարության հռետորաբանությունն այս հարցում փոփոխութուններ է կրել։ Հայկական կողմը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ որպես լիարժեք կողմ։ Ձեր կարծիքով՝ դա ինչ-որ արդյունք տալի՞ս է, և համաձա՞յն եք այն պնդման հետ, որ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը ավելի շատ մոտ է խաղաղությանը։

– Զուտ տեխնիկական տեսանկյունից, այո, իհարկե։ Վերջին ինը ամիսները ամենախաղաղ ինը ամիսներն են գոնե վերջին 20 տարում, նույնիսկ 1994-ից սկսած։ Ես չեմ հիշում ավելի հանգիստ տարի, միգուցե եղել են մի քանի տարիներ։ Այսինքն՝ ինչո՞ւ է դա տեղի ունեցել։ Որովհետև Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց դադար վերցնել և չլարել իրավիճակը, ինչպես անում էր նախկինում։ Դա արտացոլվում է նրանում, թե որքան հաճախ են կրակում հայկական ուղղությամբ, որքան հաճախ են կրակում դիպուկահարները, որ չեն օգտագործում ականանետներ կամ հրետանի։ Այսինքն՝ նրանք գիտակցաբար դադարի են գնացել Հայաստանի հետ ռազմաքաղաքական առճակատման հարցում։

Ինչո՞ւ է դա տեղի ունեցել։ Ալիևի ռեժիմին մոտ կանգնած մարդկանց՝ ամերիկացի նախկին դիվանագետ Մեթյու Բրայզայի, ռուսաստանցի գործիչ Սերգեյ Մարկովի պնդմամբ, որն աշխատում է Ադրբեջանի օգտին, Ադրբեջանի ղեկավարությունը Փաշինյանից ինչ-որ սպասելիքներ ունի այն առումով, որ Փաշինյանը պատրաստ է գնալ զիջումների։ Հայտնի չէ, թե որքանով են այդ սպասելիքները հիմնավոր, և արդյոք անկե՞ղծ են այդ սպասումների մասին պնդումները, թե՞ ինչ-որ բան քողարկելու նպատակով են արվում։ Ադրբեջանում սեփական գործընթացներն են տեղի ունենում։ Ալիևի պահվածքը վերջին տարվա ընթացքում տարօրինակ է։ Նա շատ է բացակայում, հայտնի չէ՝ գուցե առողջական խնդիրներ ունի։ Եվ դա լարվածության բացակայության իրական պատճառ է։

Տեսնենք, թե ինչ կլինի։ Այսօր կա դադար, բայց չկան բանակցություններ։ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու մասին լսում ենք տասնամյակներ շարունակ, չեմ կարծում, որ դա առաջիկայում տեղի կունենա։

– Ինչպե՞ս եք վերաբերվում երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին հայտարարություններին, այդ ձևակերպմանը։

– Այդ ձևակերպումը հնչում է վերջին 10-20 տարիներին։ Ինչի՞ հետ է այն կապված։ Հայկական և ադրբեջանական հանրությունները իրարից խիստ կտրված են, չկա ոչ մի շփում։ Հայ և ադրբեջանցի հանրությունների շրջանում առկա թշնամանքը բացակայում է ցանկացած այլ հակամարտությունում։ Երբ այսպիսի իրավիճակ է, անհնար է սպասել, որ կստորագրվի պայմանագիր և խաղաղություն կլինի, այսինքն՝ պետք է որոշ քայլեր անել, թշնամու ստեղծված կերպարը աստիճանաբար փոխել այլ կերպարներով։ Այս հայտարարությունները արվել են նաև առաջ և արվում են հիմա, այս տարի դրանք արվել են վեց ամիս առաջ, եղել են մի շարք քննարկումներ, ես տեսել եմ ադրբեջանական հեռուստատեսությամբ Լեռնային Ղարաբաղի թեմայով քննարկում այնպիսի մակարդակով, որպիսին վաղուց չի եղել Ադրբեջանում։ Չի կարելի ասել, որ դա փոխում է հայերի կերպարը Ադրբեջանում։ Շարունակվում են անհիմն հայտարարությունները, լրիվ անհիմն։ Օրինակ հիմա մի ադրբեջանցի դիվանագետ հայտարարել է, որ հարյուրավոր ադրբեջանցի կանայք ստրուկի կարգավիճակով Հայաստանում են գտնվում։ Այսպիսի հայտարարությունը վկայում է այն մասին, որ առաջվա նման այս ֆանտազիաները Ադրբեջանի պաշտոնական դիսկուրսի մաս են կազմում, և շարունակվում է հայատյացության սնումը։

– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է սկսվի այդ երկխոսությունը, այդ երկխոսությունը պետք է սկսվի երկու երկրների քաղաքացիական հանրությունների՞ց, լրագրողների՞ց, ավելի շատ շփումի՞ց, թե դա ամեն դեպքում գործընթաց է, որը պետք է տեղի ունենա վերևից ներքև։

Քաղաքականության տեսանկյունից քանի դեռ Ադրբեջանի ղեկավարությունը միջամտում է հասարակական կազմակերպությունների գործերին՝ չթողնելով, որ նրանք հաղորդակցվեն հայերի հետ, դժվար է ասել, որ կա ինչ-որ գործընթաց։

Նկատի ունեմ՝ կառավարությունը չպետք է մենաշնորհ ունենա այս գործընթացում։ Վստահ եմ՝ լուսավոր, առաջադեմ մարդիկ կան ամենուր։ Չնայած հակամարտությանը, քաղաքական ռեժիմին՝ կարելի է շփման եզրեր գտնել և խոսել բաների մասին, որոնք հասկանալի են մեկ մեկու՝ ոչ թե որևէ հարց լուծելու համար, այլ հանուն նրա, որ այդ գործընթացը լինի, որովհետև հանրությունների շփումը լավացնում է հարաբերությունները։ Եթե նայենք հայ-ադրբեջանական հարաբերություններին 90-ականների վերջին՝ պատերազմի ավարտից մի քանի տարի անց, դրանք ավելի լավ վիճակում էին, քան հիմա։ Այսինքն՝ մարդիկ, գոնե լրագրողները, ադրբեջանցի լրագրողները կարող էին մեկնել Ղարաբաղ, իսկ հայ լրագրողները՝ Բաքու։ Սա վաղուց չի եղել։ Այդ մինիմումը պետք է վերականգնել, որպեսզի խոսենք լուրջ գործընթացների մասին։

– Հայաստանում իշխանափոխությունից հետո հաճախ ենք լսում Հայաստանի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների մասին։ Խոսում են, որ այդ հարաբերությունների վրա ազդեցություն են ունենում Մարտի մեկի գործը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։ Ի՞նչ եք կարծում՝ այդ գործոնը չափազանցվա՞ծ է, և ընդհանրապես, ի՞նչ գնահատական պետք է տալ Մոսկվա-Երևան հարաբերություններին՝ հոկտեմբերին 1-ին Ռուսաստանի նախագահ Պուտինի այցի նախաշեմին։

Եթե այդ գործոնը չափազանցված է, այն չափազանցրել է հենց Պուտինը, իսկ Պուտինը Ռուսաստանի ղեկավարն է, որը որոշում է շատ հարցեր։ Գրեթե բոլոր քաղաքական հարցերը վճռում է նա։ Եթե նայենք, թե ինչ են ասել Պուտինը կամ ռուս բարձրաստիճան այլ պաշտոնյաներ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, ապա Հայաստանին հասցեագրված հարցերի մեծ խումբ կապված է Ռոբերտ Քոչարյանի, Քոչարյանի կալանավորման հետ։ Սկզբում Լավրովի հայտարարությունը, ապա՝ Պուտինի շնորհավորանքը, հետո՝ լրացուցիչ շնորհավորանքը։ Ես չեմ հիշում, որ որևէ մեկը Քոչարյանին այդքան շատ շնորհավորի։ Այսինքն՝ Քոչարյանի գործոնը առանցքային է Պուտինի համար։

– Ռուսաստանի համար դա ճնշման լծա՞կ է։

– Ես կարծում եմ, որ դա Պուտինի համար վատ նախադեպ է։ Պուտինը կարծում է, որ վատ նախադեպ է, որ երկրի այն ղեկավարը, ում հետ ինքն ունի դրական, վստահելի հարաբերություններ, կալանավորված է։ Պետք է հաշվի առնել, որ Քոչարյանը նախագահ էր դարձել մինչև Պուտինի նախագահ դառնալը: Եթե նայենք հարաբերությունների այն խորությանը, որոնք սկսվել են 1997-98-ին, երբ Քոչարյանը դարձավ վարչապետ, ապա՝ Հայաստանի նախագահ, ո՞վ էր Պուտինը այդ ժամանակ։ Այդ ժամանակ Ռուսաստանի ղեկավարության ներսում խիստ պայքար էր ընթանում երկու թևերի միջև, որոնցից մեկը ներկայացնում էր Պուտինը, իսկ մյուսը՝ Ռուսաստանի բիզնես շահերը, ասենք՝ Բորիս Բերեզովսկին, մյուս գործարարները։ Շատերը հիմա մոռացել են, որ 1998-99-ին Քոչարյանը հետխորհրդային երկրներից առաջին մարդն էր, որն ասաց «ոչ» Բերեզովսկուն։ Բերեզովսկին այն ժամանակ Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն էր։ Այդ ժամանակ ծնվեցին Պուտինի և Քոչարյանի միջև հարաբերությունները։ Այսինքն այդ վստահությունը, հարգանքը, որը ունի Պուտինը Քոչարյանի հանդեպ, վաղուց է ձևավորվել։ Այդ հարցը չի վերանա և կշարունակի գրգռել հարաբերությունները, քանի դեռ Քոչարյանը ազատազրկված է։

– Այսինքն՝ կարելի՞ է արձանագրել հարաբերությունների վատթարացում հեղափոխությունից հետո։

– Մի քիչ բարդ հարց է, քանի որ հարաբերությունները բավական վատ էին նաև Սերժ Սարգսյանի օրոք։ Այսինքն չկային վստահելի հարաբերությունների Սերժ Սարգսյանի և Պուտինի միջև։ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ էին բարձրանում գազի գները, զենք էր վաճառվում Ադրբեջանին և այլն։ Այսօր հարաբերությունները այնքան վատ չեն, որքան եղել են մինչև 2013-ը, երբ Ռուսաստանը ակտիվ զենք էր վաճառում Ադրբեջանին, գազի գինն էր բարձրացնում, այլ պատժամիջոցներով էր սպառնում, որովհետև այն ժամանակ Հայաստանը բանակցում էր ԵՄ-ի հետ։ Այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանը գործնականորեն ոչինչ չի անում Արևմուտքի հետ, այսինքն՝ չկա Արևմուտքին մոտենալու փորձ կամ որևէ հռետորաբանական մոտեցում։ Դա չի նյարդայնացնում Ռուսաստանին։ Փաշինյանը արեց այն, ինչ հրաժարվում էր անել Սերժ Սարգսյանը՝ Սիրիա զորք ուղարկեց՝ ցույց տալու իր աջակցությունը Ռուսաստանին։ Այս մակարդակում կարող ենք ասել, որ Փաշինյանը վարում է Ռուսաստանի համար ավելի ընդունելի քաղաքականություն, քան Սերժ Սարգսյանը։

Ես կարծում եմ, որ Փաշինյանի տեսանկյունից կարող են ինչ-որ անձնական պահեր լինել, սակայն Քոչարյանը չի կարող այսօր սպառնալ Փաշինյանի իշխանությանը։ Թե ով կլինի վարչապետ, ուղիղ որոշում է խորհրդարանը։

Эмиль Санамян: Дело Кочаряна — плохой прецедент для Путина

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի