Թոշակի գնացած պաշտոնյան սխալ տեղեկություններ էր զեկուցում վարչապետին․ Դավիթ Սանասարյան

«Ես կնախընտրեի այսօր այս հարթակը օգտագործել և խոսել իրական կոռուպցիոներներից, թե ինչ չափի վնասներ են տվել, բայց ստացվեց մի բան, որ նոր Հայաստանում, այսպես ասած, որոշ տեղերից կազմակերպվեց նման շինծու մեղադրանքներով քրեական գործը, որը որ աղերս չունի իրավական ու օրինական լինելու հետ»․ այսօր հրավիրած ասուլիսը նման հայտարարությամբ սկսեց Դավիթ Սանասարյանը։ Սանասարյանի՝ Պետական վերահսկողական ծառայության պետի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են նրա դեմ կոռուպցիայի մեղադրանքով քրեական գործ հարուցելուց հետո։

«Որտեղի՞ց եկավ այս ամենը։ Մինչև քրեական գործի սկսելը՝ ամիսներ շարունակ, երկրի վարչապետին զեկուցվում էր սխալ ինֆորմացիա իմ վերաբերյալ։ Մեզ համար պարզ է՝ արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից»,- ասաց նա։

Սանասարյանի խոսքով՝ ինքը վարչապետին ներկայացրել է, որ այդ տեղեկությունները կեղծ են․ «Հենց ԱԱԾ համապատասխան ծառայությունների կողմից արված լայնածավալ, լայնառեսուրս գործողությունների արդյունքում իրենք փաստեցին, որ նման բաներ չկար։ Այսինքն՝ իրենք խոսեցին դրա մասին, իրենք հերքեցին։ Կհիշեք, որ ինչ-որ տեսանյութեր կային, որտեղ ես կաշառք էի վերցնում։ Ես բոլորիդ հավաստիացնում եմ՝ եթե նման տեսանյութ լիներ, այլ հոդվածով, այլ քրեական գործով ես այստեղ նստած չէի լինի, իմ փաստաբանները միգուցե մի քիչ մեղմացնեին իմ իրավիճակը»։

Սանասարյանը նշեց, որ այս ամենով փորձ է արվում վարչապետի և իր միջև սեպ խրել․ «Բնականաբար, ինձ համար վրդովեցնող էր այս երևույթը, որ ավելի քան 11 տարի ես կռիվ տամ հանցագործությունների դեմ, հանցավոր իշխանության դեմ, հանցավոր իշխանության սիմվոլները՝ Սերժից սկսած մինչև արշակներ ու ապերներ, ազատ թրև են գալիս, իսկ մարդ, որը իր ողջ գիտակցական կյանքի մեջ կռիվ է տվել նրանց դեմ, այսօր այդ մարդու վերաբերյալ գործը դատախազության կողմից, ես կասեմ՝ հանցակցությամբ, ուղարկվեց դատարան։ Մի կողմից էլ ես ինքս ուրախացա, որովհետև ասելու էին կոծկեցին կոռուպցիոների գործը»։

Սանասարյանը նշեց, որ բոլորի համար բաց դատական պրոցես կլինի․ «Մենք բոլոր հնարավոր առիթներով կներկայացնենք, թե ինչ գործի մասին է առհասարակ»։

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով (308, 325): Ըստ ԱԱԾ-ի՝ Սանասարյանը Պետական վերահսկողության ծառայության իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել