Մոսկվայի «Արմենիա» ռեստորանը դատի է տվել Նավալնիին ու ռուսաստանցի այլ ընդդիմադիրների

Մոսկվայի Տվերսկայա փողոցում տեղակայված «Արմենիա» ռեստորանը ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիից և մյուս ընդդիմադիրներից դատական ճանապարհով ստացել է 241 520 ռուբլիի (մոտ 3700 ԱՄՆ դոլար) փոխհատուցում։ Այսքան է ռեստորանը գնահատել հուլիսի 27-ին տեղի ունեցած հանրահավաքի հետևանքով կորցրած շահույթը, հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը։

«Արմենիա»-ն խնդրել էր գործիչներից գանձել 550 հազար ռուբլի, սակայն դատարանը մասնակիորեն է բավարարել նրանց պահանջը։

Որպես պատասխանող է նշվել Ալեքսեյ Նավալնին, Մոսկվայի քաղաքային դումայի չգրանցված թեկնածուներ Իլյա Յաշինն ու Լյուբով Սոբոլը, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Գեորգի Ալբուրովը։

Հանրահավաքի կազմակերպիչների դեմ հայցի ներկայացումից հետո ռեստորանի վարկանիշը Ֆեյսբուքում 5-ից իջել է 2-ի․ դա տեղի է ունեցել զանգվածային բացասական մեկնաբանություններից հետո։

Հուլիսի 27-ին Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով թույլ տալ ընդդիմության մասնակցությունը Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին։ Ցույցերի արդյունքում բերման է ենթարկվել հազարից ավելի մարդ, իրավապահները քաղաքացիների հանդեպ կիրառել են բիրտ ուժ։

Լուսանկարը՝ հուլիսի 27-ի հանրահավաքից

Մեկնաբանել