Փաշինյանը պարզաբանեց Լուկաշենկոյի՝ ավելի վաղ մեկնելու պատճառը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանից մի փոքր ավելի վաղ մեկնելու պատճառը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին՝ Փաշինյանը նշել է, որ վաղ մեկնելու պատճառը ընտանիքում տեղի ունեցած դժբախտությունն էր:

«Ցավոք սրտի, նրա ընտանիքում որոշակի դժբախտությունն էր պատահել ավելի վաղ: Սգո միջոցառում կար, որին նա պետք է մասնակցեր, այդ պատճառով մի փոքր վաղ մեկնեց Հայաստանից»,- ասել է Փաշինյանը:

Բելառուսական կայքերը նույնպես մատնանշել են Լուկաշենկոյի բացակայության փաստը՝ առաջարկելով մի քանի վարկած։

Առաջինը հենց ընտանեկան գործոնն է։ Ըստ udf.by կայքի՝ վերջերս մահացել է Լուկաշենկոյի զոքանչը՝ Ելենա Ժելներովիչը, որի մասին Բելառուսի նախագահն ասել է․ «Նա ինձ համար երկրորդ մարդն է մորիցս հետո։ Եթե նա չլիներ, ես նախագահ չէի լինի»։

Երկրորդը, ըստ կայքի, Նիկոլ Փաշինյանի հետ լարված հարաբերությունները կարող էին լինել՝ պայմանավորված ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրությամբ։

Երրորդ հավանական վարկածը, ըստ բելառուսական կայքի, կարող էր լինել ռուս-բելառուսական լարվածությունը։

Մեկնաբանել