Անդրանիկ Քոչարյանը անվայելուչ արտահայտություն է թույլ տվել Արփինե Հովհաննիսյանի հասցեին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը 1in.am կայքի հետ հարցազրույցում անվայելուչ արտահայտություն է թույլ տվել արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին, ինչը սոցցանցերում բուռն քննադատության է արժանացել։

Լրագրողը, հիշեցնելով, որ Արփինե Հովհաննիսյանի վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին, պայմանականորեն տվել է նաև իր ու Գագիկ Ջհանգիրյանի անունը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է․

«Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները, և այն մարդկանց անունները, որոնք ըստ էության թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը։ Մեր հայտարարագրերը, կոնկրետ իմ պարագայում հասանելի են հասարակության բոլոր անդամներին»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշել է, որ եթե փաստեր կան, պետք է խոսել փաստերով, եթե ոչ, պետք է լռել։

Հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրել է․ «Չէի պատկերացնի, որ Արփինե Հովհաննիսյանի կողմից կլինեի, բայց Անդրանիկ Քոչարյանը դա հնարավոր դարձրեց: Անցյալի մեր «մեծ» ժառանգությունը»:

Լուսինե Խառատյանն էլ գրել է․ «Իմ քայլը պետք է հրապարակայնորեն դատապարտի խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանին վերջինիս անթույլատրելի, ցածրակարգ հայտարարության համար»։

Հանրային լրագրության ակումբի հիմնադիր Սեդա Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Էդ արգահատելի արտահայտության հեղինակը ոչնչով չի տարբերվում քաղհասարակությանը թիրախավորած մարգինալ և նողկալի խմբից»։

Regional Post ամսագրի հիմնադիր Արշակ Թովմասյանը գրել է․

«Չգիտեմ ով ա ու ինչ պաշտոն ունի էս հոպարը, բայց կնոջ հասցեին նման արտահայտություններ անելու համար պետք ա հրաժարական տա։ Տենց էլ չհասկացան էս հին, քյառթու բիձեքը թե ոնց ա պետք խոսել կնոջ հետ և կնոջ մասին։
Չի կարա մի ուժ Նոր Հայաստանի մասին խոսա ամբողջ օրը ու հետո իրա ներկայացուցիչներից մեկը սենց հներին բնորոշ արտահայտություններ իրան թույլ տա։ Արփինե Հովհանիսյանի նախարարության ընթացքում լիքը քննադատության արժանի խնդիրներ են եղել, բայց դրանցից ոչ մեկը կապ չունի սեռի կամ իր ծնողների հետ»:

Բազմաթիվ այլ օգտատերեր ևս քննադատում են Անդրանիկ Քոչարյանին նրա թույլ տված արտահայտության համար։

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել