Շթայնմայերի շիլան. հնարավո՞ր է արդյոք համաձայնությունը Դոնբասում

Մոսկվայի Կարնեգի կենտրոնը հրապարակել է Սերգեյ Ուտկինի հոդվածը, որում հեղինակը վերլուծում է Ուկրաինայի Դոնբասի շրջանում ընտրություններ անցկացնելու հնարավոր խնդիրները և դրանց լուծումները։
Զելենսկու հակառակորդները մեղադրում են նրան, որ «Շթայնմայերի բանաձևը» հաստատելով՝ նա համաձայնվել է Ուկրաինայի կողմից չվերահսկվող տարածքներում ընտրությունների անցկացմանը՝ առանց անվտանգության հարցերը լուծելու։ Սակայն, իրականում, դրանք այն ամենակարևոր դետալներն են, որոնք դեռ պետք է քննարկել, ընդ որում, ցանկալի է՝ որոշումներ կայացնելու համար համապատասխան մակարդակում։

Արտաքին գործերի նախարար եղած ժամանակ Գերմանիայի ներկայիս նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը իր անունն է տվել դոնբասյան կարգավորման պարզ սկզբունքին, որն ընդհանուր առմամբ համաձայնեցվել է նորմանդական ձևաչափին դեռ 2016-ին, բայց ամրագրվել է հիմա՝ երեք տարի անց։

Այդ սկզբունքը գործնականորեն ենթադրում է, որ Կիևի կողմից չվերահսկվող Դոնեցկի և Լուգանսկի մարզերի հատուկ կարգավիճակը ուժի մեջ կմտնի, երբ այնտեղ տեղական ընտրություններ անցկացվեն, որոնք կհամապատասխանեն Ուկրաինայի օրենքին, իսկ ԵԱՀԿ-ի ստանդարտին համապատասխանելուց հետո մշտական բնույթ կստանա։ Հարցի էությունը վաղուց էր հայտնի, բայց Ուկրաինայում բուռն քննարկումների առարկա դարձավ միայն վերջին մի քանի շաբաթներին, երբ ընտրարշավի ավարտից հետո սկսեց ձևավորվել երկրի նոր իշխանության կուրսը։

Առանձնանալով ընտրության հաղթողներից՝ ոչ վաղ անցյալում Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը «Շթայնամյերի բանաձևը» անվանում է «պտուտակ╗՝ այն ներկայացնելով որպես Դոնբասում կոֆլիկտի կարգավորման բարդ գործընթացի փոքր և աննշան մաս։ Սակայն փոքր դետալներից հաճախ կարելի է հասկանալ, թե հատկապես որ մեխանիզմին են դրանք պատկանում, իսկ շարժիչը կամ համակարգիչը պարզապես չեն աշխատում, եթե նախատեսված կառուցվածքի համար անհրաժեշտ մասնիկը իր տեղում չէ։ «Շթայնմայերի բանաձևի» արժեքն առաջին հերթին այն է, որ այն ընդունելով՝ կողմերը հաստատել են, որ կփորձեն նրա շուրջ Մինսկի համաձայնագրերով նախատեսված կառուցվածք հավաքել, այլ ոչ թե ինչ-որ այլ անհայտ բան։

Խնդիրները, որոնք դեռ պետք է լուծել, այնուամենայնիվ, շատ են։ Այդ իմաստով բանաձևը կարող է լինել ոչ այնքան պտուտակ, որքան անիրական կացին, որը շիլայի ուտելի բաղադրիչ չի եղել, սակայն խթանել է նրա պատրաստումը։ Վերջին հաշվով, բաղադրիչների կապակցումը այստեղ կարևոր է միայն այն իմաստով, որ պետք է բավարարի կարգավորման գործընթացի հիմնական մասնակիցներին, իսկ այդ դեղատոմսերի համար ուղղումների կարիք դեռ շատ կա։

Խոսում են այլ բանի մասին

Ուկրաինայի համար «Շթայնմայերի բանաձևի» քննարկումը դարձավ Մինսկի համաձայնագրերի քաղաքական բովանդակությունը ավելի մանրամասն ուսումնասիրելու առիթ։ Բանաձևի հակառակորդներն ընդհանուր առմամբ դեմ են արտահայտվում Դոնբասի առանձին շրջանների հատուկ կարգավիճակին և կարծում են, որ ավելի ճիշտ կլիներ պահպանել խիստ դիրքորոշումը և շարունակել Արևմուտքի երկրների հետ աշխատանքը՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար։ Նրանք նաև շարունակում են կողմ լինել անվտանգության հարցերում առավելապաշտական մոտեցումներին և պահանջում են տարածքների և Ռուսաստանի հետ սահմանի վրա ուկրաինական վերահսկողության վերականգնումը մինչև ընտրությունները՝ ենթադրելով, որ հակառակ դեպքում հնարավոր չի լինի ընտրություններին հետևելու համար ԵԱՀԿ-ի ստանդարտներին համապատասխան պայմաններ ստեղծել։

Նախագահ Զելենսկու հակառակորդները հիմա փորձում են Ուկրաինայի իշխանությունների՝ «Շթայնմայերի բանաձևին» համաձայնություն տալը օգտագործել իրենց կողմնակիցներին համախմբելու համար։ Ընտրություններին պարտություն կրելով՝ նախկին իշխող խումբը ռևանշի հույս ունի, սակայն մոտ ապագայում նրանց հաջողությունը քիչ հավանական է։ Զելենսկուն հաջողվեց հաղթել ընտրություններում Դոնբասում պատերազմին վերջ տալու մասին խոստման շնորհիվ, և հիմա նա պիտի բացատրի, որ այդ նպատակին հասնելու համար որոշակի փոխզիջումներ անխուսափելի կլինեն։ Կարգավորման գործընթացից դժգոhողներ կլինեն, սակայն Զելենսկու համար կարևոր է իր չափավոր տրամադրված ընտրողների մեծամասնության համար իր քաղաքականության պարզաբանումը։

«Շթայնմայերի բանաձևը» ինքնին չի վնասում Մինսկի համաձայնագրերին։ Դրա ընդունումը չի բացառում, որ կարևոր այլ դետալների համաձայնեցման դեպքում՝ կողմերը երկար տարիներ տևող բանակցություններում հերթական անգամ համաձայնության կգան։ Քննադատողներին ավելի շատ անհանգստացնում է այդ քայլի խորհրդանշական նշանակությունը՝ եթե խնդիրներից մեկի լուծումը գտնված է, դա կարող է շարժ ստեղծել մնացածը լուծելու համար ևս։

Կարգավորման մեջ երկար տարիներ արդյունք չունենալու պատճառով՝ շատերը խոսում էին այն մասին, որ Մինսկի համաձայնագրերը սկզբունքորեն հնարավոր չէ իրագործել։ Սակայն ավելի շուտ կպարզվի, որ անիրականանալի են տարբեր կողմերի այն առավելապաշտների պահանջները, որոնք հույսը դնում են կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Ուկրաինայի, կա՛մ Արևմուտքի տապալման և իրենց անխուսափելի հաղթանակի վրա։ Իսկ փոխզիջումների գնացող «Մինսկը» խանգարում էր իրագործել քաղաքական կամքի բացակայությունը, որը հիմա ցուցաբերում է Զելենսկին, և լիովին պատրաստ են ցուցաբերել նաև բանակցությունների մյուս մասնակիցները։

Երկար տարիներ տևած հակամարտությունից հետո նորմալ կյանքին վերադառնալու գործընթացը դժվար թե անցավ լինի։ Կիևի կողմից լսելի են նրանց ձայները, ովքեր ենթադրում են, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում – Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում հինգ տարի ապրելուց հետո նրանց բովանդակությունը այնքան է փոխվել, որ վերաինտեգրացիան կամ անհնար է, կամ էլ անցանկալի է, քանի որ մեծացնում է «ոչ ճիշտ կուսակցություններին» ձայն տվող «ոչ ճիշտ» ուկրաինացիների թիվը։ Հակառակորդ ճամբարում ինչ-որ մեկը, ցույց տալով կրած կորուստները, հանդես կգա նույն անհաշտ դիքերից արդեն Կիևի դեմ։ Սակայն մեծամասնությունը, որին Պետրո Պորոշենկոն չէր նկատում և որի տրամադրությունների վրա խաղում էր Վլադիմիր Զելենսկին, կարծես թե ամեն դեպքում հակված է երկրի միասնության վերականգնմանը։

Հաջորդ խնդիրները

Զելենսկու հակառակորդները մեղադրում են նրան այն բանում, որ «Շթայնմայերի բանաձևը» հաստատելով՝ նա համաձայնվել է Ուկրաինայի կողմից չվերահսկվող տարածքներում ընտրությունների անցկացմանը՝ առանց անվտանգության հարցերը լուծելու։ Սակայն, իրականում, դրանք այն ամենակարևոր դետալներն են, որոնք դեռ պետք է քննարկել, ընդ որում, ցանկալի է՝ որոշումներ կայացնելու համար համապատասխան մակարդակում։

Նորմանդական ձևաչափը՝ Մինսկի եռակողմ կոնտակտային խմբի հետ միասին, լրիվ համապատասխան է գործընթացը մեռած կետից շարժելու համար։ Եթե հետագայում հարկավոր լինի այլ մասնակիցների միացումը, օրինակ՝ նույն ԱՄՆ-ի, դրա համար դեռ հնարավորություն կլինի։ Պատշաճ նախապատրաստվելու դեպքում Զելենսկու, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շտաբները միանգամայն կարող են աշխատել «նորմանդական քառյակի» գագաթնաժողովի շուտափույթ անցկացման վրա և հետագա դրական տեղաշարժի տանել։

Կարգավորման ամենաարագ, բայց, հնարավոր է, ոչ այքան իրատեսական տարբերակը ենթադրում է, որ ընտրությունները Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի շրջանում հնարավոր կլիներ անցկացնել ուկրաինական օրենքներին չհակասող կանոններով արդեն 2020-ին՝ դրանք համաուկրաինական տեղական ընտրությունների հետ համատեղելով։ Այստեղ իրոք հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարճ ժամանակում անհրաժեշտ պայմաններ ստեղծել ինչպես օրենսդրական, այնպես էլ քվեարկության անցկացման տարածքներում անվտանգության առումներով։ Միևնույն ժամանակ, Մինսկի համաձայնագրերով նախատեսված ընտրությունների անընդհատ հետաձգումը մեծացնում է վտանգը, որ դրանց անցկացման համար իդեալական պահ այդպես էլ չի լինի։

Անվտանգության խնդիրը որոշ ժամանակով հնարավոր կլիներ լուծել՝ դրա ապահովման համար միջազգային ոստիկանական ուժեր կիրառելով, որի կազմը ընդունելի կլիներ կողմերից յուրաքանչյուրի համար։ Այդպիսի լուծում նախապատրաստելու համար քիչ ժամանակ չի պահանջվի, և բանակցությունների մասնակիցների՝ այդ մոդելը ընդունելու քաղաքական պատրաստվածությունն էլ ակնհայտ չէ։

Այնուամենայնիվ, հաջողության հույս է տալիս այն, որ մինչ այժմ տարբեր սցենարների քաղաքական ընդունելիությունը գնահատվել է՝ ելնելով Ուկրաինայում իշխանափոխությունից շատ առաջ հնչած տեսակետներից և ձևակերպումներից։ Եթե փոփոխված կազմում ստացվի գոնե մասմաբ վերականգնել կորցրած վստահությունը, ապա, հնարավոր է, կողմերին հաջողվի համաձայնեցնել միջազգային ներկայության որոշակի ձև՝ որպես լրացում ԵԱՀԿ-ի Դիտորդական առաքելությանը։

Փոխադարձաբար ընդունելի ոստիկանական կոնտինգենտը ավելի այժմեական կդառնա, երբ կողմերը շարունակեն ուժերի ետքաշումը սահմանագծից։ Մարտական ուղիղ բախման վտանգի իջեցումը կստեղծի մոխրագույն գոտի, որտեղ պետք է որոշել իրավապահ մարմինների աշխատանքի օրենքները։

Կախված նրանից, թե ինչպես ռազմական լարվածությունը կթուլանա՝ սահմանագծում հարկավոր կլինի երաշխիք, որ կողմերից ոչ մեկը իր վերահսկողության տակ գտնվող գոտին ընդլայնելու համար իրավիճակից չի օգտվի։ Եվ այստեղ լուծում կարող են լինել միջազգային խաղաղապահները։

Երկու կողմերի համար ամենանուրբ հարցը հակամարտության գոտում ռուս-ուկրաինական սահմանների վերահսկողությունն է։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ անգամ չէ, որ առաջարկել է օգնել այդ խնդիրը լուծել։ Ուկրաինայում բելառուսական միջամտությանը ոչ բոլորն են վստահում, սակայն եթե պարզվի, որ այդ տարբերակը միակ իրատեսական այլընտրանքային տարբերակն է ստեղծված ստատուս-քվոյի պայմաններում, հազիվ թե արժե այն արհամարհել:

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման դետալների որոշումն էլ առանձին խնդիր է։ Կիևը կցանկանա ապահովել ուկրաինական կուսակցությունների մասնակցության համար բոլոր հնարավորությունները և հակամարտության գոտուց եկածների, տեղահանվածների համար քվեարկության պայմաններ ստեղծել։ Բացառված չէ, որ այդ հարցերի շուրջ պայմանավորվածությունները համաձայնեցվեն «Մինսկի» նախատեսած համաներումներին։ Այդ դժվար որոշման ընդունումը կնշանակի, որ կողմերը պաշտոնապես հրաժարվում են իրար որպես թշնամիներ դիտարկելուց, այսինքն՝ հայտնվում է ազատ տեղաշարժի, քարոզչության և որպես թեկնածու ընտրություններին մասնակցելու հնարավորություն։ Այստեղ նաև անվտանգության ապահովման մասին է հարց առաջանում, քանի որ առանձին միջադեպերը կարող են շղթայական ռեակցիա առաջացնել և սպառնալ խաղաղ գործընթացին ընդհանրապես։

Ընդունելով «Շթայնմայերի բանաձևը»՝ Զելենսկին նաև հայտարարել է, որ Կիևը չվերահսկվող շրջանների հատուկ կարգավիճակի մասին նոր օրենք է պատրաստում։ Եթե հաջողվի օրենքն ընդունել Մինսկում և նորմանդական ձևաչափում բանակցությունների մասնակիցների մոտ առանց առարկություններ առաջացնելու, ապա դա կդառնա կարգավորման գործընթացում կարևոր քայլ և թույլ կտա մեկ փաստաթղթում ամփոփել Մինսկի համաձայնագրերը լրացնող շատ համաձայնագրեր։

Ուկրաինայում, թերևս, քիչ չեն լինի վեճերը այն մասին, թե ինչպես պետք է իրար հետ հարաբերակցվեն Դոնբասի կարգավիճակը և ապակենտրոնացման գործընթացը։ Սակայն հուլիսին Գերագույն ռադայի ընտրություններին տպավորիչ հաղթանակը Ուկրաինայի նախագահին դեռ տալիս է իր որոշումները խորհրդարանով անցկացնելու համար լավ հնարավորություններ։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի

Մեկնաբանել