Անդրանիկ Քոչարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից

Երեկվանից համացանցում քննարկվում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած արտահայտությունները՝ արդարադատության նախկին նախարար, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հասցեին:

«Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով․ իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտարարել է Քոչարյանը՝ արձագանքելով հարցազրույցներից մեկում Հովհաննիսյանի կողմից իր անունի հնչեցմանը:

Այսօր լրագրողները Ազգային ժողովում Անդրանիկ Քոչարյանից փորձեցին պարզել՝ պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից:

«Ոչ, ներողություն չեմ պարտասվում խնդրել: Նախ սպասում եմ, որպեսզի Արփինե Հովհաննիսյանը «24 news»-ում իր արած հայտարարությունը որևէ ձևով մեկնաբանի, իսկ եթե նրա ընտանիքի անդամները նեղացել են, թույլ տվեք, որպեսզի Արփինե Հովհաննիսյանի ընտանիքի անդամները հանդես գան այդպիսի առաջարկով»,- պատասխանեց նա:

Հարցին, թե ինչ է ցանկացել ասել «անհայտ հայր» արտահայտությամբ՝ պատգամավորը նկատեց. «Բացատրեմ. անհայտ՝ նշանակում է հասարակությանը ոչ հայտնի: Եթե հիմա պարզվեց…երեկ ամբողջ ֆեյսբուքը փնտրում էր և ոնց որ թե հայտնաբերեց. անհայտը արդեն հայտնի է: Կարող է և սխալվում եմ, չգիտեմ»:

Քոչարյանի խոսքով՝ եթե վիրավորել է Հովհանիսյանի հայրիկին՝ պատրաստ է հանդիպել նրա հետ և «քննարկել, թե էս խնդիրը որտեղ է առաջացել»: Բայց պատգամավորի տպավորությամբ՝ բոլորը վիրավորվել են, բացի Արփինե Հովհաննիսյանից։

Թեմայի շուրջ ավելին՝

Անդրանիկ Քոչարյանը անվայելուչ արտահայտություն է թույլ տվել Արփինե Հովհաննիսյանի հասցեին

Մեկնաբանել