Հայաստանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Լավրովի հայտարարությանը

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկանաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 2-ին Սոչիում ելույթ է ունեցել «Վալդայ» ակումբում և հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել նաև Ղարաբաղյան հակամարտությանը։ Նա մասնավորապես ասել է, որ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը [որն արել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում՝ օգոստոսի 6-ին] չի նպաստում քաղաքական գործընթացի վերականգնմանը։

Պատասխանելով Լավրովի հայտարարության վերաբերյալ հարցին՝ Հայաստանի ԱԳՆ խոսնակն ասել է․

«Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից: Ձեր հարցում նշված մեկնաբանության առնչությամբ վերահաստատում ենք ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը: Հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության և փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձևը: Այդ առումով անընդունելի ենք համարում Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Ադրբեջանի կողմից բանակցությունների արդյունքները միակողմանիորեն կանխորոշող պնդումներն առ այն, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի «բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», չի նպաստում խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»:

Լավրովը նաև նշել էր զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև կալանքի մեջ գտնվող փոքրաթիվ անձանց փոխանակման մասին: Այս հայտարարության վերաբերյալ Աննա Նաղդալյանն ասել է․

«Դիակների փոխանակում տեղի չի ունեցել, այլ արցախյան կողմը, որպես մարդասիրական քայլ, թույլ է տվել Ադրբեջանի ԶՈՒ ծառայողի դիակի տարհանում: Պետք է հստակ ամրագրենք, որ Հայաստանը կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվողների փոխանակում չի դիտարկում, այլ հանդես է գալիս հումանիտար իրավունքի շրջանակներում յուրաքանչյուր առանձին դեպքի հասցեագրման դիրքերից»:

Մարիա Եղիազարան

Մեկնաբանել