ԱԳՆ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի իրադրության լարմամբ

Գործի են դրվել բոլոր հնարավոր միջոցները լարվածության նվազեցման ուղղությամբ, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Aysor.am կայքի հարցմանը, թե ինչպիսին է իրադրությունը սահմանում և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրա հանդարտեցման ուղղությամբ:

«Արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում իրադրության լարմամբ և դատապարտում է իրավիճակի միտումնավոր սրմանն ուղղված քայլերը։ Վերջին միջադեպերի ընթացքում զոհվել է ՀՀ ԶՈՒ մեկ և վիրավորվել երեք զինծառայող: ԱԳ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին, և արագ ապաքինում մաղթում վիրավոր զինծառայողներին:

ՀՀ ԱԳՆ մշտական համակարգման մեջ է ՊՆ հետ: Գործի են դրվել բոլոր հնարավոր միջոցները լարվածության նվազեցման ուղղությամբ: Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. հունիսի 20-ի հայտարարությունը՝ հայկական կողմը պնդում է, որ ադրբեջանական կողմը պետք է ձեռնպահ մնա որևէ սադրիչ գործողությունից, ներառյալ հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով ռազմական ամրաշինական, ինժեներական աշխատանքների իրականացումից և դրանցում ենթադրյալ քաղաքացիական անձանց ներգրավումից:

ԱԳՆ առաջնային է համարում իրադրության հետագա լարվածության նվազեցման, հրադադարի ամրապնդման ուղղությամբ արդյունավետ քայլերի ձեռնարկումը, ինչը խաղաղ կարգավորման կարևոր մասն է»:

Աղբյուրը՝ ԱԳՆ կայք

Մեկնաբանել