Հարձակում են գործել «Հայելի» ակումբի վրա

«Հայելի» մամուլի ակումբը և Hayeli.am կայքի խմբագրություն հաղորդագրություն են տարածել՝ նշելով, որ հոկտեմբերի 5-ին 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, հարձակվել են ակումբի և նույն հասցեում գործող Hayeli.am կայքի խմբագրության վրա:

«Նշված անձինք պաշարել են ակումբի մուտքը և կատարել խուլիգանական արարք` ձվեր նետել և հանդես եկել հայտարարությամբ, որ կայքն ու ակումբը պետք է փակել, քանի որ կայքի հրապակումներից մեկը իրենց սրտով չէ, իսկ գլխավոր խմբագիր և ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է:

«Հայելի» մամուլի ակումբը և Hayeli.am կայքի խմբագրությունը դիմում են իրավապահ մարմիններին` ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին՝ անհապաղ իրավական գնահատական տալ կատարված խուլիգանական արարքին, պատժել խուլիգաններին և նրանց թիկունքում թաքնված պատվիրատուներին:

Պահանջում ենք ապահովել անհրաժեշտ պայմաններ` «Հայելի» մամուլի ակումբի, Hayeli.am կայքի խմբագրության, ինչպես նաև գլխավոր խմբագիր, ճանաչված լրագրող Անժելա Թովմասյանի մասնագիտական գործունեության և անվտանգության համար: Շահարկումը, թե Անժելա Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, համարում ենք քաղաքական հետապնդում, անձի ազատության և ընտանիքի դեմ ուղղված քայլ, իսկ ակումբի և խմբագրության նկատմամբ կատարված արաքը` խոսքի ազատության ոտնահարում»,- ասված է հաղորդագրությունում։

Աղբյուրը՝ Hayeli.am

Լուսանկարում՝ Անժելա Թովմասյանը

Մեկնաբանել