Հիբրիդային պատերազմն ու Հայաստանը․ զրույց Լիլիթ Գևորգյանի հետ

Լոնդոնի Global Insight հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը պատասխանում է ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հարցերին։ Ի՞նչ է հիբրիդային պատերազմը, ի՞նչ դսևորումներ ունի արդի աշխարհում, ո՞րն է Հայաստանում հիբրիդային պատերազմի համատեքստը, արդյոք դա անվտանգային սպառնալի՞ք է։ Լիլիթ Գևորգյանի խոսքով՝ ՀՀ քաղաքական էլիտայի զգալի մասը, նախկին իշխանությունները և նրանց օրոք կոռուպցիոն համակարգից օգտվածները իրենց վերակենդանացումը տեսնում են ռուսական հիբրիդային պատերազմի հաղթանակի միջոցով։

– Ի՞նչ դրսևորումներ ունեն հիբրիդային պատերազմներն արդի աշխարհում, և ի՞նչ տեղ է զբաղեցնում դրանցում տեղեկատվական/քարոզչական բաղադրիչը։

– Սովորաբար հիբրիդային պատերազմ ասելով՝ շատերը նկատի ունեն տեղեկատվական պատերազմը կամ քարոզչությունը։ Բայց դրանք նորագույն հիբրիդային պատերազմի միայն մի մասն են։ Ի դեպ, նոր պատերազմները տարբեր կերպ են նկարագրվում՝ հիբրիդային, ասիմետրիկ, ոչ ավանդական։

Այս առումով հետաքրքիր է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի՝ 2013-ին հրապարակած հոդվածը, որը բացահայտում է, թե ինչպես է Ռուսաստանն ընկալում և, հետևաբար, ինչպես է վարում նոր պատերազմներ։ Ըստ Գերասիմովի՝ հիբրիդային պատերազմները նորություն չեն և դրանք վարվել են Երկրորդ աշխարհամարտից սկսած։ Կարճ ասած՝ հիբրիդային պատերազմը ավանդական պատերազմի շարունակությունն է, որն օգտագործում է ոչ ռազմական մեթոդներ։

Հիբրիդային պատերազմը ավանդական պատերազմի շարունակությունն է, որի դեպքում օգտագործվում են ոչ ռազմական մեթոդներ

Ավանդական պատերազմի դեպքում բախումը շփման գծի երկայնքով է՝ զինված ուժերի միջև, իսկ պատերազմը նախօրոք է հայտարարվում։ Ռազմական թեժ բախումները երկար չեն տևում, այլ ընթանում են ընդմիջումներով և հիմնականում սահմանափակ տարածքում։ Սակայն հիբրիդային պատերազմի դեպքում հակառակորդի ամբողջ տարածքն է ներգրավվում իբրև հարձակման թիրախ։ Հիբրիդային պատերազմը կարող է երկար տևել և ինտենսիվորեն՝ ի տարբերություն ավանդականի, և նմանատիպ պատերազմները չեն հայտարարվում, այլ պարզապես սկսվում են՝ նախնական պատրաստվածությունից հետո։

Հիբրիդային պատերազմի նպատակը ոչ ռազմական միջոցներով հակառակորդի թիկունքը թուլացնելն է, ինչով էլ այն նպաստում է առաջին գծում զինված ուժերի հաղթանակին։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ պարտիզանական խմբերի գործունեությունը հենց հիբրիդային պատերազմի օրինակ է, ըստ Գերասիմովի։

Այսինքն 1940-ականերից ի վեր հիբրիդային պատերազմնե՞ր են վարվում։

– Այո, սակայն վերջին տարիներին պատերազմ վարելու ձևերը որակապես փոխվել են՝ թե՛ մարտավարական, թե՛ տեխնիկական առումով, ինչի համար էլ դրանք նոր անվան կարիք ունեն։ Ոչ ռազմական և ռազմական մեթոդները իրար հետ են աշխատում՝ առավել համակարգված։

Այս նոր տեսակի հիբրիդային պատերազմը ոչ թե օժանդակում է նախկինում ավելի կարևոր համարվող ռազմական գործողություններին, այլ ճիշտ հակառակը՝ հիբրիդային պատերազմի միջոցով կարելի է առավել արդյունավետ հասնել նույն մարտավարական արդյունքներին, որոնց նախկինում հասնում էին ռազմական գործողություններով։ Նոր պատերազմներում զինված ուժերն օգտագործվում են իբրև վերջին միջոց։

Ի դեպ, ռազմական առումով էլ գործիքակազմը փոխվել է։ Հիմա լայնորեն կիրառվում են ոչ կոնտակտային ռազմական գործողություններ, այսինքն անմիջական մարտական գործողությունների և մարդկային կորուստներով հարձակումների փոխարեն պատերազմը վարվում է հեռահար տեխնիկայի, օրինակ, ռոբոտների, հեռակառավարվող օդուժի օգնությամբ։

Կիբերհարձակումները ևս նոր, բայց շատ կարևոր տարր են կազմում ասիմետրիկ պատերազմների, հատկապես հակառակորդի էներգետիկ, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների խոցման համար։

Ինչպես Գերասիմովն է նշում, հին ավանդական պատերազմը մեռած է։ Նոր պատերազմներում ոչ ռազմական և ռազմական մեթոդների հարաբերակցությունը 4։1 է։ Սա հսկայական փոփոխություն է։

Սա նշանակում է, որ, օրինակ, Հայաստանի ազգային անվտանգությունը չորս անգամ ավելի խոցելի է ոչ ռազմական վտանգների նկատմամբ՝ ռազմականի համեմատ։

Հայաստանի ազգային անվտանգությունը չորս անգամ ավելի խոցելի է ոչ ռազմական վտանգների նկատմամբ՝ ռազմականի համեմատ

– Ռազմական առումով հիբրիդային պատերազմը ինչպե՞ս է փոխվել։

– Զինված ուժերի մուտքը թիրախավորված երկիր տարբեր կերպ կարող է իրականացվել։ Օրինակ, Ուկրաինայի դեպքում ռուսական ռազմական ներկայությունը քողարկվեց իբրև տեղական ապստամբություն, որտեղ տեղակայված զորքը ռուսական ռազմական տարբերանշաններ չունի։ Սա հեշտ է անել այն երկրներում, որտեղ ռուսական մեծ համայնք կա։

Իսկ ընդհանրապես որևէ երկիր կամ տարածաշրջան զորք մտցնելու քայլերի հաջորդականությունը շատ լավ է ներկայացնում Գերասիմովը․ քանի որ ուղղակի ռազմական ներխուժման դարն անցել է, ներխուժումները տեղի են ունենում խաղաղապահ ուժերի անվան տակ։ Հրահրվում է կոնֆլիկտ, որը լուծելու համար բերվում են խաղաղապահ ուժեր։

Ռազմական ներխուժման դարն անցել է, ներխուժումները տեղի են ունենում խաղաղապահ ուժերի անվան տակ, կարծում է ՌԴ գլխավոր շտաբի պետը

Այս առումով լավ օրինակ է 2016-ի ապրիլյան պատերազմը և Ռուսաստանի կողմից խաղաղապահ ուժեր Արցախ մտցնելու անթաքույց ցանկությունը, ինչը հաստատեց Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո «Բլումբերգ»-ին տված իր հարցազրույցում։ Հիբրիդային ռազմական և ոչ ռազմական մեթոդների կիրառման արդյունքում արդեն իսկ Ռուսաստանից տնտեսական, ռազմական և էներգետիկ կախման մեջ գտնվող Հայաստանին, որը նաև դիվանագիտական մեկուսացման մեջ էր Եվրասիական միություն մտնելուց հետո, հեշտ էր ստիպել զիջումների գնալ նաև Արցախի հարցում։

Պատերազմին նախորդող շրջանում՝ մի քանի տարվա ընթացքում, Ռուսաստանը Ադրբեջանի օգտին փոխեց ռազմական հավասարակշռությունը, դիվանագիտորեն մեկուսացված Հայատանի շահերին հակառակ սկսեց Ադրբեջանին Եվրասիական միություն բերելու դիվանագիտական արշավը։ Սա ուղեկցվում էր ապատեղեկատվական արշավով՝ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի բնակիչներին հանգստացնելու համար, որ ռուսական զենքը չի օգտագործվի նրանց դեմ կամ այլ կեղծ լուրերով, ինչպիսիք էին՝ «սա պարզ բիզնես է» կամ «եթե Ռուսաստանը չվաճառի, Ադրբեջանն այլ երկրներից կարող է գնել նորագույն զինատեսակներ»։ Հետաքրքրական է, որ ապատեղեկատվությունը տարածվում էր անգամ ՀՀ նախկին արտգործնախարարի կողմից։

– Որո՞նք են հիբրիդային պատերազմի ոչ ռազմական գործիքները, կարո՞ղ ենք դրանք քննել հայկական համատեքստում։

– Դրանցից ամենաավանդականը դիվանագիտական գործիքներն են։ Օրինակ, Հայաստանի վրա ազդեցություն գործելու կամ իր ազդեցության տակ պահելու, կամ իր ուզած գիծը պարտադրելու համար հիբրիդային պատերազմ վարող երկիրը դիվանագիտական դաշինքներ է կնքում ՀՀ-ի բացահայտ թշնամիների հետ, փորձում է դիվանագիտական մեկուսացման մեջ գցել՝ այլընտրանքային դիվանագիտության հնարավորությունները վերացնելով։ Վառ օրինակներ են նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանի օգտին ռազմական հավասարակշռության խախտումը, և շարունակվող մոտ տասը միլիարդ դոլարի վերազինումը, որն ուղղակիորեն խախտում է Ռուսաստանի՝ ՀՀ-ի նկատմամբ ունեցած դաշնակցային պարտավորությունները և ակնհայտորեն թուլացնում Հայաստանի անվտանգությունը։

Երկրորդը տնտեսական լծակներն են։ Այստեղ հիմնական նպատակն է հսկել թիրախավորված կամ հակառակորդ երկրի ռազմավարական կարևորության արտադրությունները, էներգետիկ ցանցերը, տրանսպորտային, հաղորդակցության, էներգետիկ մատակարարման ուղիները՝ նավթամուղներ, գազամուղներ։ Հակամարտության դեպքում ռազմավարական այս օբյեկտները հնարավոր է կաթվածահար անել՝ թուլացնելով թիկունքը։

Տնտեսական պատժամիջոցները ևս հիբրիդային պատերազմի գործիքներից են։ Սրանք կարող են լինել բացահայտ, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ պատժամիջոցները, կամ քողարկված։ Քողարկված պատժամիջոցներից է, օրինակ, ներկրումների արգելքը՝ պարբերական կամ երկարատև տրանսպորտային խոչընդոտներ ստեղծելով։ Բյուրոկրատական պատրվակները ևս քողարկված պատժամիջոցներ են։ Օրինակ, որոշ մթերքների վաճառքը կարող է արգելվել սանիտարահիգիենիկ նորմերին ենթադրաբար չհամապատասխանելու համար։ Էներգակիրների գների կամայական, չհիմնավորված բարձրացումը ևս այս շարքին է պատկանում։

Երրորդը քաղաքական գործիքն է։ Այս դեպքում հիբրիդային պատերազմ վարող երկիրը թիրախավորված երկրի ներսում ստեղծում է կամ հավաքագրում իրեն հավատարիմ տարատեսակ ուժեր։ Ի դեպ, առավել հաճախ ապագա այս քաղաքական գործիչները հավաքագրվում են մեծահարուստներից, օլիգարխներից, ինչը նաև լուծում է քաղաքական և տեղեկատվական պայքարի ֆինանսավորման խնդիրը։ Այն դեպքերում, երբ իշխող ուժը լոյալ չէ, երկրի ռազմաքաղաքական ղեկավարության փոփոխությունը դառնում է հիբրիդային պատերազմի գլխավոր նպատակներից մեկը։

Քաղաքական գործընթացը զուգորդվում է տեղեկատվական հիբրիդային պատերազմով, որի թիվ մեկ խնդիրը հիբրիդային պատերազմ տանող երկրի ագրեսիան քողարկելն է՝ բացառելու կամ թուլացնելու բնակչության ընդվզումը, զգոնությունը։

Սովորաբար ոչ ռազմական գործիքներն օգտագործվում են միաժամանակ։ Օրինակ, կեղծ ընդդիմադիր կուսակցությունները կեղծ լրատվական և սոցմեդիայի, հետազոտական կենտրոնների միջոցով առաջ են տանում կեղծ թեզեր կամ բացահայտ սուտ երկրի գործող ղեկավարության կամ առողջ և պետականամետ, նաև՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի, հանրային դեմքերի մասին։ Միաժամանակ օգտագործվում են տնտեսական և ռազմական լծակները՝ կեղծ օրակարգին լրջություն տալու համար։

– Կարո՞ղ ենք ավելի մանրամասն խոսել տեղեկատվական պատերազմի մասին։

– Հիբրիդային պատերազմում սա թերևս ամենաարագ զարգացող և արդյունավետ գործիքներից է։ Առկա է այն թյուր կարծիքը, թե տեղեկատվական հիբրիդային պատերազմը հիմնականում ֆեյսբուքյան կեղծ հասցեներով սուտ կամ կիսաճշմարտություն տարածելն է։

Ֆեյսբուքյան արշավները տեղեկատվական պատերազմի մի փոքր մասն են։ Այս արշավի մեջ կարող են ներգրավվել տարատեսակ խաղացողներ՝ քաղաքական, մշակութային գործիչներ, կրոնականներ, քաղաքական կուսակցություններ, օլիգարխներ, սփյուռքի համայնքային ներկայացուցիչներ, կրթական և մշակութային կենտրոններ, տարատեսակ քաղաքական ակումբներ, այսպես կոչված՝ անկախ քաղտեխնոլոգներ/վերլուծաբաններ, լրագրողներ, որոնք էլ հաճախ համակարգում են քարոզչական արշավի ղեկավարի կամ ղեկավար խմբի հետ շաբաթվա կամ անգամ օրվա թեմաները։ Նրանք բոլորն այս կամ այն կերպ մասնակցում են իրենց երկրի դեմ տարվող հիբրիդային պատերազմին:

Հիբրիդային պատերազմի ամենաարագ զարգացող և արդյունավետ գործիքներից է տեղեկատվական պատերազմը

Այս առումով ուսանելի է Ռուսաստանի՝ արդեն լավ ուսումնասիրված տեղեկատվական պատերազմի մարտավարությունը։ Ի դեպ, Ռուսասատանի դեպքում, հիբրիդային պատերազմն իրականացնողները հաճախ առերևույթ պետական մարմինները չեն, այլ իբր մասնավոր քարոզչական կամ զինյալ վարձկանների խմբեր։ Սա արվում է նրանց բացահայտման դեպքում միջազգային իրավունքով պատժվելուց խուսափելու համար։ Այս քարոզչությունը ունի հստակ ձևաչափ, որը փոխվում է՝ ըստ թիրախավորված երկրի ներքաղաքական կամ արտաքին քաղաքական խնդիրների։

Նախնական փուլում ապատեղեկատվությանը հետևում է մարդկանց փողոց դուրս բերելը և բախումներ հրահրելը։ Սա կարևոր ասպեկտ է հիբրիդային պատերազմում։

Օրինակ, 2018-ի վերջին ըստ հասանելի նյութերի, ռուս քաղտեխնոլոգները Սուդանում հիմա արդեն տապալված նախագահ Օմար ալ-Բաշիրի դեմ ցույցերը ճնշելու ռազմավարություն էին մշակել։ Ծրագրի համաձայն ՝ շարունակաբար կեղծ լուրեր են տարածվում մամուլով և սոցցանցերով ընդդիմության, ցուցարար ուսանողների մասին։ Նրանց պիտակավորում են իբրև օտարերկրյա գործակալներ, Իսրայելի կողմից ֆինանսավորվող, միասեռականության տարածողներ և իսլամական արժեքներ ոտնահարողներ։ Ապա կեղծ լուրերը էսկալացվում են՝ նրանց մեղադրելով մզկիթներ և հիվանդանոցներ հրդեհելու մեջ։ Բախումների արդյունքում անգամ խորհուրդ է տրվում թույլ տալ «փոքրաթիվ զոհեր», ինչն էլ ի վերջո տեղի ունեցավ Խարտումի փողոցներում այս տարվա հունվարի սկզբին։

– Ի՞նչն է տեղեկատավական այդ պատերազմի անմիջական նպատակը, Հայաստանի դեպքում այն ինչպե՞ս է ընթանում։

– Հաջողված հիբրիդային տեղեկատվական պատերազմի արդյունքում թիրախավորված երկրի հասարակությունը պառակտվում է, կորցնում է հավատը քաղաքական առաջնորդների, ընդհանրապես քաղաքական գործիչների նկատմամբ։ Աղբ-տեղեկատվության տարափի տակ քաղաքացին դժվարանում է ֆիլտրել և վերլուծել, թե ով է իր երկրի շահերի իրական պաշտպանը։ Արդյունքում հիբրիդային պատերազմ վարող երկրի ընտրյալը և նրան հարողները վերցնում են ռազմաքաղաքական իշխանությունը թիրախավորված երկրում։

Հիբրիդային տեղեկատվական պատերազմի հիմնական տակտիկան բաժանարար, պառակտիչ հարցերի առավելագույն չարաշահումն է և արմատական կարևոր ինստիտուտների գռեհկացումը, ինչպիսիք են՝ ավանդապաշտությունը, ընտանիքը, բանակը, պետականությունը և անկախությունը, խոսքի ազատությունը, բողոքի արտահայտման ազատությունը, ժողովրդավարությունը, կրոնը, հայրենասիրությունը։ Հիբրիդային պատերազմ վարողները սկսում են քողարկվել իբրև պահպանողական ավանդապաշտ հայրենասերներ և պետականությունը գնահատող քաղաքական գործիչներ (սա հատկապես քաղաքական ամբիցիաներ ունեցող հիբրիդային ակտիվիստների նախընտրած դերն է)։

Աղբ-տեղեկատվության տարափի տակ քաղաքացին դժվարանում է ֆիլտրել և վերլուծել, թե ով է իր երկրի շահերի իրական պաշտպանը

Ապա մեդիա դաշտը սկսում է լցվել ինտենսիվ, անդադար քաղաքական աղմուկով, անտրամաբանական, բայց էմոցիոնալ և անընդհատ կրկնվող դավադրական տեսություններով, կեղծ օրակարգերով։ Օրինակ, «կառավարությունը փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ և ցանկանում է Սորոսի թելադրանքով Արցախը վաճառել, ռուսներին նեղացնելով ճանապարհ բացել թուրք-ադրբեջանական երկրորդ ցեղասպանության համար»։

Քարոզչությունը հիմնված է վախերի վրա՝ վախ պատվաստումներից, միասեռականներից, Սորոսից, մանկապիղծներից, միգրանտներից, ոստիկաններից, մասոններից, Հայաստանի դեպքում սրանց ավելանում են առավել զգայուն թեմաներ՝ Արցախը կորցնելու վախը, թուրքական հարձակման վախը, Ռուսաստանի կողմից պատժվելու վախը, գազ չունենալու վախը և այլն։

Սա քաղաքական դեբատների իմիտացիա է, որի նպատակը քաղաքական դաշտը աղտոտելն է, շեղելով հանրությանը լուրջ քննարկումներից՝ վնասել դե ֆակտո պատերազմական վիճակում գտնվող ՀՀ ազգային անվտանգությունը։

Այս տեղեկատվական հարձակումների նպատակը քաղաքական դաշտը բթացնելն է կեղծ դեբատներով, իրականում գոյություն չունեցող կամ անկարևոր խնդիրների միջոցով։ Տեղեկատվական աղբը բերում է միայն զգայական ռեակցիաներ՝ վախ, զզվանք, ատելություն։ Երբ բանավեճը իջեցնում են զգայական ռեակացների, քաղաքական դաշտը հեղեղվում է հայհոյանքով՝ ի վերջո բերելով հասարակության կամ դրա մի մասի խիստ բևեռացմանը։

Օրինակ, ամենահեշտ կուլ տրվող խայծը միասեռականության և ավանդականության դեբատներն են, որոնք ավելի լայն աշխարհաքաղաքական դավադրական տեսության մասն են։ Այն է՝ «արևմտյան անառակ գլոբալիզացիոն շարժումը, որը մանիպուլացվում է գաղտնի փոքրաթիվ խմբերի կողմից, ցանկանում է վերացնել մուսուլմաններին, դե Հայաստանի դեպքում՝ հին քրիստոնյաներին։ Այս ապազգային գլոբալիստների դեմ մարտնչում է ուժեղ, բայց անարդարության զոհ Ռուսաստանը»։ Քրիստոնյա երկրներում քարոզչությանն ավելանում է Ռուսաստանի՝ իբրև ուղղափառության վերջին հանգրվան լինելը, իսլամական երկրներում շեշտը դրվում է Ռուսաստանի հակաիմպերիալիստական լինելու վրա։

Կեղծ թեմաները մի քանի շերտ ունեն՝ աշխարհաքաղաքական քարոզչությունից մինչև ամենօրյա հարցեր։ Սովորաբար աշխարհաքաղաքական կեղծ օրակարգը վարում են հիբրիդային պատերազմ տանող երկրին հավատարիմ կամ նրա կողմից ֆինանսավորվող քաղաքական ակումբները, հետազոտական ինստիտուտները և մեդիան։ Ապա այս թեզերը սկսում են տարածվել սոցցանցերով, քաղաքական ակտվիստների միջոցով։

Իսկ ավելի նեղ կեղծ օրակարգն արդեն ստեղծում և տարածում են ավելի փոքր խմբերով, բայց ինտենսիվ։ Օրինակ, Երևանի աղբահանության հարցը մանիպուլացվում էր կազմակերպված սոցմեդիա խմբերի կողմից, որոնք ներկայանում էին իբրև բարեկարգ Երևանի սատարող խումբ, բայց իրականում քաղաքապետի և նոր իշխանությունների վարկաբեկմամբ էին զբաղված։

– Ի՞նչ վնաս կարող է հասցնել Հայաստանին տեղեկատվական պատերազմը։

– Թերևս ամենամեծ վնասը հանրային հարթակը գողանալն է հիբրիդային պատերազմ վարողների կողմից։ Արդյունքում երկրորդ պլան է մղվում ազգային կարևորության խնդիրների քննարկումը, ինչպիսիք են Արցախում իշխանափոխությունը, բանակցային հետագա ռազմավարությունը, Հայաստան- Ռուսաստան 2010-11թթ․ սկսված լուրջ ճգնաժամի լուծումը, օլիգարխիայի կազմաքանդումը և տնտեսական զարգացման մոդելի ընտրությունը, ուժային կառույցների և դատարանների հիմնովին վերափոխումը, ի վերջո արտաքին քաղաքական և ազգային անվտանգության նոր ռազմավարության քննարկումը։

Ավելին, ցանկացած ռազմավարական հարցի քննարկում հիբրիդային պատերազմ վարողների կողմից արագ վերածվում է Կրեմլին ՀՀ նոր իշխանությունների դավաճանության մեղադրանքների, ինչի հետևանքով սկսում է շրջանառվել թեզը, թե Արցախը հանձնվելու է, իշխանությունն էլ ամեն կերպ փորձում է արդարանալ։ Արդյունքում գոնե արտաքին քաղաքական հարցերոմ սա բերում է Կրեմլին հաճոյանալու շքերթի, որին փոքր բացառությամբ մասնակցում են ՀՀ բոլոր քաղաքական ուժերը։ Իսկ հայ-ռուսական արդեն տարիներ տևող ճգնաժամը այդպես էլ չի լուծվում։

Միևնույն ժամանակ, իշխանությունները արտաքին քաղաքական մեծ զիջումներ են անում Ռուսասատանին, ինչպես օրինակ՝ Սիրիա առաքելություն ուղարկելը։ Բայց զիջումների դիմաց Հայաստանը ոչինչ չի ստանում Ռուսաստանից, քանի որ դրանք արվում են Ռուսաստանի կողմից հին ռեժիմին տրվող աջակցությունը մեղմելու համար։ Այսինքն հայկական ուժերի և ֆինանսների ակտիվ մասնակցությամբ տարվող հիբրիդային պատերազմում առայժմ Հայաստանը պարտվում է, իսկ Մոսկվան իրապես շահավետ վիճակում է։

Վերջապես, ամենավտանգավոր զարգացումը հետհեղափոխական Հայաստանում հիբրիդային պատերազմի արդյունքում արդեն արմատացող պառակտիչ կեղծ հակաարևմտյան, կեղծ ազգայնայան-պահպանողական խմբերի ստեղծումն է, որոնք գործում են ճիշտ նույն մեթոդներով, որոնցով նմանատիպ խմբերը, կուսակցությունները գործում են որոշ հետխորհրդային, բալկանյան և աֆրիկյան երկրներում։

Ակնհայտ է, որ կառավարությունն ապատեղեկատվական այս պատերազմը կանխելու մարտավարություն դեռ չունի և ռեսուրսներ չի ներդնում։ Սա վտանգավոր մոտեցում է, երբ պետությունը աչքաթող է անում համակարգված հարձակումները՝ դրանց վերաբերվելով որպես խոսքի կամ կամքի ազատ արտահայտության։

– Արդյոք հիբրիդային պատերազմը կարելի՞ է որակել որպես ազգային անվտանգության սպառնալիք և հաշվի առնել այն ազգային անվտանգության նոր մշակվելիք ռազմավարությունում։

– Միանշանակ։ Շատ երկրներ արդեն ստեղծել են կիբեր բանակային ընդլայնված ստորաբաժանումներ, որոնք զբաղվում են ոչ միայն կիբեր հարձակումները կարևոր օբյեկտների՝ էներգետիկ ցանցերի, այլ ենթակառուցվածքների վրա կանխելով, այլև տեղեկատվական հիբրիդային պատերազմի դեմ պայքարով։ Կատարվում է դոկտրինալ վերանայում, որտեղ ռազմական և ոչ ռազմական վտանգները գնահատվում են նույն ռիսկային համակարգի մեջ։

Ի դեպ, կոռուպցիան ևս դիտվում է իբրև ռիսկ հիբրիդային պատերազմի համատեքստում, քանի որ ազգային անվտանգությունը կարող է վտանգվել՝ խոցելի, կաշառված մարդկանց օտար երկրի շահերի համար աշխատելու պատճառով։ Օրինակ, Բրիտանիայում «Անհայտ ծագմամբ հարստության մասին օրենքը», որով առգրավվում է անբացատրելի ծագում ունեցող հարստությունը, նախատեսված է նաև հենց դրա դեմ պայքարելու համար։

Թեև Ռուսաստանն ամենամեծ հաջողություններն է ունեցել հիբրիդային պատերազմներում, ժամանակի հարց է տարածաշրջանային այլ պետությունների կողմից դրա որոշ բաղադրիչների ակտիվ կիրառումը։

Հայաստանը արդեն եկար ժամանակ է հիբրիդային պատերազմի փոթորկի մեջ է։ Սա այն դեպքերից է, երբ շատ քիչ ներդրում է պետք Ռուսաստանից Հայաստանում իր բոլոր շահերը պաշտպանելու համար։

Ի տարբերություն այլ երկրների՝ հայկական գլխավոր մեդիա ընկերությունները հենց իրենք են հիբրիդային պատերազմի ակտիվ մասնակիցներ։ Հայաստանի քաղաքական կուսակցությունների մեծ մասը, ինչպես նաև օլիգախիան, այդ արշավի մաս են կազմում։ Իհարկե, այդ կուսակցությունների մի քանիսի վարկաբեկումից հետո նորերն են ստեղծվում՝ կեղծ ազգային-ավանդական-պետականամետ օրակարգով, և իրականում նրանք գործում են Հայաստանի շահերի դեմ։

ՀՀ քաղաքական էլիտայի զգալի մասը, նախկին իշխանությունները և նրանց օրոք կոռուպցիոն համակարգից օգտվածները իրենց վերակենդանացումը տեսնում են ռուսական հիբրիդային պատերազմի հաղթանակի միջոցով՝ անգամ եթե դա նշանակում է հանրության ինտենսիվ ապակողմնորոշում, ռուսական բացահայտ կամ քողարկված տնտեսական պատժամիջոցներ, անգամ խոշոր տարածքային կորուստներ հնարավոր նոր արցախյան պատերազմում։ Այսինքն, ամեն ինչ, որ հնարավոր կդարձնի թուլացնել ներկայիս կառավարությանը և հետ վերցնել իշխանությունը։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Կարդացե՛ք նաև՝

Առանց տեսլականի հեղափոխությունը կարող է պարտվել․ Լիլիթ Գևորգյան

Մեկնաբանել