Գյուղոլորտում կոռուպցիան հիմա զրո է․ Արտակ Քամալյան

Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը, որը համակարգում է գյուղատնտեսության ոլորտը, ՍիվիլՆեթի Մկրտիչ Կարապետյանին ներկայացրել է վերջին 1,5 տարվա ընթացքում ոլորտում կատարված փոփոխություններն ու առաջիկա ծրագրերը։

Գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարության հետ միավորելու մասին

Թե ինչքանով էր արդարացված կառուցվածքային այդ փոփոխությունը՝ կերևա հետագայում, երբ արդյունքներ ունենանք։ Երևի մի փոքր դա խանգարեց այն իմաստով, որ երկու ամիս մենք այդ փոփոխություններով էինք զբաղված, մի փոքր թափներս կոտրվեց։ Իմ կարծիքով՝ մի քանի տարի հետո պետք է լինի մի առանձին կառույց, որը պետք է ղեկավարի ու համակարգի բնապահպանության ու գյուղատնտեսության ոլորտը։ Եվրոպական երկրների մեծ մասում բնապահպանությունն ու գյուղատնտեսությունը միասին են, զարգացած երկրներում կառավարության հիմնական աջակցությունը ֆերմերներին այն է, որ վերջիններս վնաս չտան բնությանը։

Չմշակվող հողերը մշակովի դարձնելու մասին

Հողային ռեֆորմի հետ կապված մենք ունենք մշակված հայեցակարգ։ Հայեցակարգը հիմա e-draft-ում է քննարկվում, նաև ունենք օրենքի նախագիծ, նախատեսում ենք մտցնել չափորոշիչներ՝ սահմանելով, թե որ հողերն են մշակովի ու որոնք՝ ոչ։ Հայաստանում վարելահողերի գրեթե կեսը չի մշակվում։ Դա մեր օպերատիվ տվյալներով է հավաքագրված՝ համայնքներից ու մարզպետարաններից ստացված։ Մենք հետազոտություններ ենք արել, թե ինչու մարդիկ հողերը չեն մշակում։ Օրինակ՝ մարդիկ առաջին հերթին ունեն ոռոգման ջրի խնդիր։ Չմշակվող հողերի 75 տոկոսը անջրդի հող է, երկրորդը՝ ոչ կոնսոլիդացված հողերն են, այսինքն՝ մարդը ունի մի քանի կտոր հող, որ իրարից հեռու են գտնվում, և այդ հողերն արդյունավետ չեն մշակվում։ Կան հողեր, որոնց սեփականատերերը հիմա չկան, մի մասը մահացել է կամ արտագաղթել, մարդիկ ֆինանսական հնարավորություններ չունեն կամ տեխնիկայի խնդիրներ ունեն։

Մենք մի քանի փուլային աշխատանք ենք անելու, ցանկանում ենք անել ամեն ինչ, որ մարդիկ իրենց հողերը մշակեն։ Այլ դեպքում մարդուն ուզում ենք հնարավորություն տալ, որ իր հողը տա երկարաժամկետ վարձակալության։ Այսինքն՝ ստեղծում ենք հողային բանկի գաղափարը։ Պետք է ստեղծել կառավարության կողմից կորդինացվող մի հարթակ, որը մի կողմից հնարավորություն է տալիս գյուղացիներին իրենց հողը դնել այդ հարթակում որպես վաճառվող կամ վարձակալությամբ տրվող, մյուս կողմից՝ մարդը, որ վարելահող ունի, հարթակ կունենա հող գնելու։ Ներկայում Հողային օրենսգրքում կա կետ, ըստ որի, եթե մարդը երեք տարի հողը չի մշակում, համայնքը կարող է այն հետ վերցնել։ Մենք չենք ուզում այդ ճանապարհով գնալ։ Ուզում ենք, որ ամեն ինչ լինի մարդկանց ցանկությամբ։ Եթե մարդն ասում է՝ ես չեմ ուզում, հնարավորություն չունեմ մշակելու այս հողը, մենք գնում ենք, այդ մարդուն ասում՝ լսի՛ր, հնարավորություն ունես հողդ տալու վարձակալության, փող աշխատելու։ Ասում է՝ չեմ ուզում։ Հետո մենք ասում ենք՝ դու կարող ես դա վաճառել։ Եթե էլի ասում է՝ չեմ ուզում, այդքանից հետո էլ մենք ի՞նչ պիտի անենք։ Ինձ թվում է, որ այդպիսի մարդիկ կլինեն։

Կան տարբեր մեխանիզմներ։ Քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ եթե մարդը հողը չի մշակում, վարձակալության չի տալիս, չի վաճառում, պիտի հողի տուրքը մեծացնենք այնքան, որ հետագայում այդ տուրքը օգտագործելով՝ կարողանանք հողի որակը վերականգնել։ Խնդիրն այն է, որ երբ մարդը չի մշակում հող, հողի որակն է փչանում՝ վարելահողը դառնում է խոտհարք կամ արոտավայր, էրոզիայի է ենթարկվում և այլն։ Հենց Հայաստանում լինի հողի շուկա, խնդիրն ավելի հեշտ կլուծվի։

Ի՞նչ իրավիճակ ունենք. հիմա, օրինակ, մի ընտանիք ունի չորս հողակտոր՝ իրարից 5-15 կիլոմետր հեռավորության վրա, բոլորն իրար հետ 1,5 հեկտար են՝ ասենք մեկը վարելահող է, մյուսը արոտավայր, երրորդը՝ այգի, ու այդ հողակտորների սեփականատերերը այն մարդիկ են, որ 1991-1992 թվականներին հողը ստացել են, դարձել սեփականատեր։ Ենթադրենք սեփականատերը մահացել է, մյուս ժառանգներն էլ այստեղ չեն։ Պետք է հողը բերել իրավական դաշտ, ինչ-որ մեկը պետք է հողը ժառանգություն ընդունի, բայց դա հեշտ գործ չէ ու ահագին գումար է պահանջում։ Բացի այդ, հնարավոր է, սեփականատերը երկրում չէ։ Հիմա մենք հաշվարկում ենք, թե որքան կարժենա մեկ հողակտորը իրավական դաշտ բերելը։

Զոնավորման անհրաժեշտության մասին

Խորհրդային Միության օրոք եղել են նման վերլուծություններ, թե որ տարածաշրջանը գյուղատնտեսական ինչ առանձնահատկություն ունի։ Հիմա էլ մոտավոր նման վերլուծություններ կան։ Եթե երեսուն տարի առաջ ինչ-որ տարածաշրջանում զոնավորել են ու ասել, որ ա՛յ այստեղ այս մշակաբույսը կա, հիմա արդեն արդիական չէ, տեխնոլոգիական փոփոխություններ են եղել և այլն։ Ես կողմ եմ, որ զոնավորում անենք ու ասենք, որ այս, այս, այս տարածաշրջաններում ավելի լավ են աճում այս, այս, այս մշակաբույսերը, որ գյուղացին իմանա ո՛րն է ավելի բերքատու։ Խնդիրն այն չէ, որ դու աճեցնես շատ բերք, խնդիրն այն է, որ դու կարողանաս շատ եկամուտ ստանալ։ Դու կարող ես 50 տոննա սմբուկ ստանա; ու չկարողանաս այն վաճառել։ Հայաստանում նման դեպքերը շատ են, բայց մենք երբեք չպետք է գնանք ու գյուղացուն ասենք՝ լսի՛ր, այս տարի ձմերուկ կամ վարունգ աճեցրու։ Հենց մենք նման բան անենք, կպարտվենք, քանի որ մենք միշտ սխալ ենք լինելու։ Եթե մենք նրան ասենք ձմերուկ աճեցրու, հետո գալու է ասի՝ ես ձմերուկն աճեցրել եմ, բերել եմ, դե տար վաճառիր, դու ես ինձ ասել։

Գյուղոլորտում կոռուպցիայի մասին

Կոռուպցիան հիմա զրո է, կոռուպցիայի աղբյուրներ էլ չկան՝ ոչ սերմեր ենք գնում, ոչ պարարտանյութ, ոչ էլ վառելիք։ Մի օրինակ բերեմ. վարչապետը, երբ անընդհատ ասում էր, որ կոռուպցիան վերացել է, կոռուպցիա չկա, անընդհատ մտքումս ասում էի՝ լավ, ինչքա՞ն կարելի է։ Այո՛, չկա կոռուպցիա, դա նորմալ է, որ չկա, եկեք առաջ գնանք։

Մի ամիս առաջ մեր նախարարի հետ երեկոյան հանդիպում էինք հրեա մի բիզնեսմենի հետ, տարեց մարդ էր, եկել էր ու բիզնես պրոյեկտ էր մեզ առաջարկում՝ Գյումրիում մեծ լոգիստիկ կենտրոն սարքելու մասին։ Շատ խելոք բաներ էր ասում։ Մեծ ներդրումների մասին էր խոսում։ Ի վերջո, երբ պատմեց, պատմեց, հավանեցինք գաղափարը։ Վերջում հարցրինք՝ բա դու ինչո՞ւ ես եկել Հայաստան, կարող էիր Ռուսաստանում անել։ Պատասխանեց՝ երկու մեծ առավելություն ունի Հայաստանը, առաջինը՝ լոգիստիկ կենտրոնի համար ձեզ մոտ կա 0 կոռուպցիոն ռիսկ, ինչը էժան է դարձնելու ամեն ինչ՝ ինչ-որ մեկին կաշառք չես տալու։ Երկրորդը՝ ասաց, որ եթե համեմատենք տարածաշրջանի մյուս երկրների հետ, աշխատուժի մակարդակը շատ ավելի բարձր է։ Բացատրեց, որ եթե Հայաստանում միջին մակարդակի քաղաքացու վերցնի աշխատանքի, իրենից ավելի քիչ ջանք կպահանջվի նրան ընկերության համար օգտակար կադր դարձնելու համար, քան հարևան երկրներում։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել