«Սա հսկայական պատիվ է, որը կուրախացներ մայրիկիս»․ Պիոտրովսկին՝ Երևանի պատվավոր քաղաքացի

Երևանի քաղաքապետի առաջարկով ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագծին: Ավագանու հաջորդ որոշմամբ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման է արժանացել նաև «Էրմիտաժ» թանգարանի գլխավոր տնօրեն, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկին:

Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին արձագանքել է իրեն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշմանը:

«Ես զգացված եմ, երջանիկ և շոյված: Սա հսկայական պատիվ է, որը կուրախացներ մայրիկիս, հայրիկիս ու բոլոր այն հրաշալի երևանցիներին, որոնց հետ կյանքիս ընթացքում երջանկություն եմ ունեցել շփվելու, բոլոր Ջանփոլադյաններին ու Տեր-Պողոսովներին և բոլոր մնացածներին:

Ես սիրում եմ Կարմիր Բլուրի ու Էրեբունու Երևանը, Ալեքսանդր Թամանյանի ու Մարտիրոս Սարյանի Երևանը և շատ եմ սիրում Երևանը, որը արդեն չկա՝ Հին Բաղնիքի մոտի փողոցները, որտեղ մեր տունն էր և որտեղ այսօր հուշատախտակ կա ի պատիվ Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկու, որին «հայ ժողովրդի փեսա» են անվանել:

Շնորհակալ եմ բոլորին՝ իմ և հանգուցյալ մայրիկիս՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի անունից», – գրել է Միխայիլ Պիոտրովսկին:

Մեկնաբանել