ԱՄՆ Սենատն առաջարկում է պատժել Էրդողանին Սիրիայում գործողության համար

ԱՄՆ Սենատի անդամները մտադիր են սառեցնել ԱՄՆ-ում թուրքական ղեկավարության հաշիվները, սահմանել այցագրային սահմանափակումներ և Անկարային չվաճառել ամերիկյան սպառազինություն։ Առաջարկը հետևում է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի սկսած ռազմական գործողությանը։

Առաջարկով հանդես է եկել հանրապետական Լինդսի Գրեհեմը, որին աջակցել է դեմոկրատ Քրիս Վան Հոլենը։

Պատժամիջոցների թիրախում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխնախագահը, արտգործնախարարը, պաշտպանության, ֆինանսների և այլ նախարարներ։ Գրեհեմն ակնկալում է երկու կուսակցությունների աջակցությունը։ Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրքական օպերացիան համարում է «վատ գաղափար» և ասել է, որ չի աջակցում դրան։ Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն էլ շեշտել է, որ Վաշինգտոնը Անկարայի առաջ «կանաչ լույս չի վառել»։

Թուրքիայի ռազմական գործողությունը հնարավոր է դարձել այն բանից հետ, երբ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Պենտագոնը դուրս է բերել ոչ մեծաթիվ ուժերը Սիրիայի այն հատվածից, որը գտնվում է քրդերի հսկողության ներքո։

Հայաստանը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի գործողությունը որակել է «ապօրինի»։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել