Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնաբանել է Սիրիայում հայ համայնքի անվտանգության հարցը։
«Հոկտեմբերի 9-ից Թուրքիայի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում ոչ միայն անօրինական են և դատապարտելի որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում, այլև դրանք ուղղակի հարվածի տակ են դնում տվյալ տարածքների մի շարք բնակավայրերի հայ համայնքների անվտանգությունը: Ռմբակոծությունների և ցամաքային գործողությունների արդյունքում Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լծված է Սիրիայում բնակվող ազգությամբ հայերի և հայ համայնքների անվտանգությունը ապահովելու աշխատանքներին: Հայաստանը և ողջ հայ ժողովուրդը կանգնած է իր հայրենակիցների կողքին և կանի առավելագույնը նրանց անվտանգությունը ապահովելու համար»,- ասված է Սինանյանի հայտարարությունում:
ԱՄՆ Սենատն առաջարկում է պատժել Էրդողանին Սիրիայում գործողության համար
Սիրիայում ՀՀ դեսպանության հայտարարությունը
«Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականցվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ
գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Կամիշլիի քաղաքի և հյուսիսային այլ շրջանների համայնքային կառույցների հետ:
Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ:
Անմիջականորեն ռազմական գործողությունների տարածքում գտնվող Տել Աբյադ քաղաքից տասնյակից ավելի հայ ընտանիքներ արդեն իսկ իքնուրույն լքել են իրենց բնակության վայրը և տեղափոխվել ավելի ապահով շրջաններ (Հալեպ և Հասաքե):
Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Ըստ մեր տեղեկությունների Սիրիայի հյուսիային շրջաններում հայերի թիվը կազմում է շուրջ 3000 մարդ»: