Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը պետք է վերածնվեն․ Բենիամին Պողոսյան

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի տնօրեն, դոկտոր Բենիամին Պողոսյանը Openspace.eu կայքում հրապարակած հոդվածում նշում է, թե ինչ պետք է անել կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը շարունակում է հետաքրքրել տարածաշրջանային անվտանգության հարցերի գիտակներին: Չնայած Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո աճող լավատեսությանը, վերջին ամիսներին ավելի շատ գերակշռում է հոռետեսական տրամադրությունը։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև 2019-ի սկզբին տեղի ունեցած երկու հանդիպումները և արտգործնախարարների մակարդակով բանակցությունները որևէ բեկման չեն հանգեցրել: 2018-ի հոկտեմբերից ի վեր շփման գծում և Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի վրա միջադեպերի թվի էական նվազումը դրական քայլ է, չնայած այստեղ նույնպես վերջերս կարելի է նկատել բախումների աճ, որի արդյունքում երկու կողմերում զոհեր են եղել:

Աճող լարվածության ցուցանիշներից մեկը ԱՊՀ վերջին երկու գագաթնաժողովներին տեղի ունեցածի միջև եղած կտրուկ տարբերությունն էր: Դուշանբեի 2018-ի սեպտեմբերյան բանակցությունները հանգեցրին լարվածությունը նվազեցնելու և երկու առաջնորդների միջև օպերատիվ կապ ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածության: Վերադառնալով Երևան` ՀՀ վարչապետը բավական դրական էր խոսեց ադրբեջանցի պաշտոնակցի մասին՝ նրան նկարագրելով որպես կրթված և խելացի անձնավորություն:

Մեկ տարի անց, 2019-ի հոկտեմբերի 11-ին Աշխաբադում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում, Ադրբեջանի նախագահը Հայաստանին հրապարակավ մեղադրեց ֆաշիստներին փառաբանելու մեջ և կոշտ պատասխան ստացավ իր հայ գործընկերոջից: Ըստ պաշտոնական աղբյուրների, երկու առաջնորդները Աշխաբադում ընթրիքի ժամանակ քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը, սակայն բովանդակության և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ չկան:

Թվում է, թե բանակցություններում առաջընթացի բացակայությունը կողմերի մոտեցումներում ակնհայտ անհամատեղելիության արդյունք է: Ե՛վ Հայաստանը, և՛ Ղարաբաղը հստակ պատկերացում ունեն, որ վերադարձ անցյալին ՝ ո՛չ կարգավիճակի, ո՛չ էլ տարածքների առումով, հնարավոր չէ: Այս դիրքորոշումը մեկ անգամ ևս հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում հաստատեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Մինչդեռ, Ադրբեջանը նույնպես ունի հստակ դիրքորոշում՝ հակամարտությունը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչը, ըստ Բաքվի, նշանակում է Ղարաբաղի կողմից ներկայում վերահսկվող բոլոր տարածքների վերադարձը Ադրբեջանին: Նախագահ Ալիևը վերահաստատեց այս դիրքորոշումը Սոչիում Վալդայի համաժողովում ունեցած ելույթի ընթացքում։

Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ այդ կարծիքները չեն կիսում ոչ միայն էլիտաները, այլև բնակչության ճնշող մեծամասնությունը: Այսպիսով, նույնիսկ եթե Հայաստանի, Ադրբեջանի կամ Ղարաբաղի ղեկավարները պատրաստ են մեղմել իրենց դիրքորոշումները, ապա իրենց հասարակություններում նրանք հանդիպելու են ուժեղ դիմադրության: Հաշվի առնելով ղարաբաղյան խնդրի նկատմամբ զգայունության բարձր աստիճանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, կառավարության դիրքորոշման ցանկացած էական փոփոխություն, ամենայն հավանականությամբ, կբերի ներքին խժդժությունների, և կարող է անգամ հանգեցնել կառավարության փոփոխության: Այսպիսով, ո՛չ ղեկավարությունը, ո՛չ հասարակությունները որևէ պատճառ չունեն իրենց դիրքորոշումներում էական փոփոխություններ անելու համար, և դա անհավանական է դարձնում բանակցություններում ցանկացած բեկում:

Հաշվի առնելով ներկայիս փակուղային իրավիճակը, միջազգային հանրությունը և հատկապես Մինսկի խմբի համանախագահները պետք է ընտրություն կատարեն: Տարբերակներից մեկը բանակցային գործընթացի շարունակությունն է, բայց հստակ պատկերացմամբ, որ այն որևէ էական արդյունքի չի բերի: Իհարկե, ավելի լավ է անարդյունք բանակցություններ, քան շփումների լիակատար բացակայություն: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ստեղծված իրավիճակը հանգեցնում է աճող դժգոհությունների, հատկապես ադրբեջանական կողմից, ինչը կարող է հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների դիտավորյալ կամ պատահական բռնկման: Հաշվի առնելով հակամարտության տարածաշրջանում աճող անկայունությունը` Իրան – Սաուդյան Արաբիա լարվածությունը և Թուրքիայի ներխուժումը հյուսիսարևելյան Սիրիա, Ղարաբաղում ցանկացած լայնածավալ ռազմական գործողություն կարող է դուրս գալ վերահսկողությունից, ինչը կարող է աղետալի լինել տարածաշրջանային անվտանգության համար:

Անարդյունք բանակցությունները նման զարգացումները կանխելու լավագույն միջոցը չեն: Նրանք գրեթե զրոյական հնարավորություն են առաջարկում՝ արագ արդյունքների հասնելու համար։ Այսպիսով, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը նվազեցնելու միակ կենսունակ միջոցը վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ քննարկումների վերսկսումն է՝ որպես բանակցությունների առանցքային թեմա: Միջազգային միջնորդները մեծ ջանքեր էին գործադրում դրա համար 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո՝ փորձելով ավելացնել ԵԱՀԿ դիտորդական առաքելության աշխատակիցների թիվը և հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմներ գործարկել: 2016-ի մայիս և հունիս ամիսներին ձեռք բերված, այսպես կոչված, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը պետք է վերածնվեն, անհրաժեշտության դեպքում՝ փոփոխություններով: Այս միջոցները կարող են առանցքային դեր ունենալ ռազմական գործողությունների բռնկումը կանխելու համար, ինչը կարող է վտանգի ենթարկել ամբողջ տարածաշրջանը:

Զուգահեռաբար, պետք է ակտիվացնել վստահության ամրապնդման միջոցառումները, և այստեղ կրկին կարևոր դեր կարող են խաղալ միջազգային կազմակերպությունները: Ծրագրերի շարունակությունը, ինչպիսին է ԵՄ «Եվրոպական գործընկերություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման (EPNK)» նախաձեռնությունը, կարող է առաջ ընթանալու համար ամուր հիմք լինել: Երկխոսության առկա հարթակները պետք է արդիականացվեն և ստեղծվեն նորերը։ Միաժամանակ, կարևոր է ունենալ ոչ միայն երկկողմ՝ Հայաստան – Ադրբեջան, այլև եռակողմ՝ Հայաստան – Ադրբեջան – Ղարաբաղ երկխոսություն: Այս համատեքստում, «Համագործակցություն հանուն խաղաղության» կոնսորցիումի «Տարածաշրջանային կայունությունը Հարավային Կովկասում» աշխատանքային խմբի աշխատանքը կարող է լավ օրինակ ծառայել նման հարթակների համար:

Հաշվի առնելով հասարակությունների՝ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ ընկալումների բացարձակ անհամատեղելիությունը, միջազգային հանրությունը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնի վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումներին՝ որպես միակ կենսունակ միջոցի՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով կանխելու համար։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English

Մեկնաբանել